Վիգեն Սարգսյանը պատմել է, թե երբ ՀՀ-ն կարող է կիրառել «Իսկանդերը» - Mediamax.am

12675 դիտում

Վիգեն Սարգսյանը պատմել է, թե երբ ՀՀ-ն կարող է կիրառել «Իսկանդերը»


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Կարծում եմ, Իսրայելը լուծում է անվտանգության սեփական, շատ լուրջ խնդիրները, եւ տարածաշրջանում ներգրավվելը, ըստ ամենայնի, բխում է այդ երկրի շահերից», - ասել է նախարարը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում:

 

Միաժամանակ, Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու այնպիսի զինատեսակների փորձարկումը, ինչպիսիք, օրինակ, կամիկաձե անօդաչու սարքերն են, բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում իրավիճակի վրա: 

 

«Սակայն ես չեմ ելնում նրանից, որ մենք պետք է զգացմունքային եզրակացություններ, կամ հապճեպ հետեւություններ անենք: Կարծում եմ, Իսրայելի շահերն այս ամենում շատ հասկանալի են: Իսկ թե որքանո՞վ է դա պետք Ադրբեջանին, ժամանակը ցույց կտա», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Խոսելով Երեւանում 2016թ. սեպտեմբերին զորահանդեսում ցուցադրված «Իսկանդեր-Մ» համալիրների պատկանելության մասին՝ Վիգեն Սարգսյանն ասել է, որ դրանք «պատկանում են ՀՀ Զինված ուժերին, եւ այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող»:

 

«Այդ զենքի նշանակությունն ու ցուցանիշները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կիրառվում է: Հետեւաբար, Իսկանդերների կիրառման մասին որոշումը սերտորեն կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման կարիք լինի: Դա առաջին հերթին զսպման զենք է: Բացարձակ ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել այդ մոտեցումների վերանայում, բայց, ընդհանուր առմամբ, դա այնպիսի զենք է, որ կարող է ցանկացած տաք գլուխ սառեցնել՝ որոշում ընդունելիս»,- ընդգծել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին