«Ազգ-բանակ»` մրցունակ կրթության եւ որակյալ բանակի բանաձեւը - Mediamax.am

10335 դիտում

«Ազգ-բանակ»` մրցունակ կրթության եւ որակյալ բանակի բանաձեւը


Լուսանկարը` Լիլիան Գալտստյան/Panorama.am

Լուսանկարը` Լիլիան Գալտստյան/Panorama.am

Լուսանկարը` PAN Photo

Լեւոն Մկրտչյան
Լեւոն Մկրտչյան

Լուսանկարը` Photolure


Երեւանում ապրիլի 20-ին անցկացված «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ նախագահի խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ու Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Քննարկումը վարել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Ներկայացնում ենք քննարկման մասնակիցների առավել ուշագրավ մտքերը:

 

***

 

«Ազգ-բանակ» հայեցակարգն ու հասարակության պատրաստվածությունը

 

ՀՀ նախագահի խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյան. Ասել, թե մենք լիարժեք պատրաստ ենք «Ազգ-բանակ» հայեցակարգին, իհարկե չափազանցություն կլինի: Բայց այդ գաղափարի հիմքում դրված է ազգային դպրոցի գաղափարը եւ այն, որ մենք, ըստ էության, ունենանք ազգային դպրոց ու ազգային կրթական համակարգ: Սա ենթադրում է խիստ որոշակի արժեքների հենքի վրա կանգնած դպրոց:

 

Հաճախ հասարակության կողմից դպրոցն ընդամենը ընկալվում է որպես մի տեղ, ուր երեխաներին որոշակի գիտելիք են տալիս բուհ ընդունվելու: Դպրոցն իրականության մեջ կոչված է մարդկանց որոշակի արժեքներ դաստիարակելու մեծ առաքելության համար: Այդ արժեքները գալիս են մեր ինքնության ակունքներից, որոնք կարող են մեզ դարձնել հզոր եւ մրցունակ ազգ: Դպրոցը պետք է կրթի քաղաքացիներին, ովքեր պատրաստ են զոհաբերության գնալու, հայրենիք պաշտպանելու:

 

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան. «Այս գաղափարախոսությունն ամրապնդված է անկախության առաջին օրվանից: Եթե ուզում ենք լինել անկախ, այս մոդելից բացի այլ ձեւաչափ չունենք: Տարածքային իմաստով մեր երկիրը փոքր է, ռազմական տեսանկյունից «թիկունք» եւ «սահման» հասկացություններ չունենք: Ըստ էության, ապրում ենք մի տարածքում, որտեղ բոլորս պոտենցիալ զինվոր ենք, եւ դա, բնականաբար, ազդում է կրթական համակարգի վրա: Իսկ կրթությունը գործիք է, որը ապահովում է տեսակի շարունակականությունը, հետեւաբար, այս կոնցեպտը պետք է լինի դպրոցի գերխնդիրը: Մենք պետք է վերանայենք մեր ողջ կրթական բովանդակությունը: Պետք է կարողանանք հայրենասիրությունը դարձնել գործնական: «Ազգ-բանակ» հասկացողության հիմքը սա է, եթե մեր կրթակարգը չբխեցնենք այստեղից, էլի կսկսենք ինչ-որ շարժում եւ դրանից կծնվի նպատակը, ոչ թե կունենանք նպատակ եւ դեպի այն շարժվելու ճանապարհ»:

Լեւոն Մկրտչյան Լեւոն Մկրտչյան

Լուսանկարը` Photolure

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյան. «Համոզված եմ, որ այս գաղափարախոսությունը կյանքի է կոչվելու եւ հաջողության է հասնելու: Հրամայականը ձեւավորված է, ունենք մի իրավիճակ, երբ պարտավոր ենք այս հարցի գործիքակազմը քննարկել: Մենք ունենք տարածաշրջանի ամենամրցունակ բանակը, ինչը պարտավորեցնում է զարգացնել այլ համակարգերը եւս: Այն տղաները, որոնք նահատակվեցին Ապրիլյան պատերազմի օրերին, այսօրվա կրթական համակարգում դաստիարակվածներն են: Նրանք մեր դպրոցների, ուսուցիչների մեծ աշխատանքի արդյունքն են»:

 

***

 

Ռազմագիտության դասավանդումն ու հայրենասիրության գաղափարը

 

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան. «Համապատասխան նախադրյալներ ստեղծված են ազգ-բանակ գաղափարը կյանքի կոչելու համար: Այժմ պետք է ոչ միայն զարգացնել ռազմահայրենասիրական գաղափարը հանրակրթական դպրոցներում, այլեւ կատարելագործել բուհերում: Ժամանակն է բուհերում ներդնել կամ վերականգնել ռազմական ամբիոններ: «Ազգ-բանակ» գաղափարի իրագործման հիմքում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան է: Որոշակի ռազմական խաղերի կազմակերպմամբ կարելի է երեխաների մոտ ձեւավորել այդ սերն ու հետաքրքրվածությունը: Ավելի բարձր դասարաններում անհրաժեշտ եմ համարում ռազմահայրենասիրական ակումբների կազմակերպումը: Դպրոցներին համապատասխան գործիքներ, զինատեսակներ, վարժանքների հարմարանքներ պետք է տրամադրել:

 

Ռազմական սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար մենք պարտադրված ենք ունենալ բնակչություն, որը տիրապետում է ռազմական գործին` անկախ սեռից: Հակառակորդը պետք է իմանա, որ ագրեսիայի դեպքում մեր ողջը ազգը մեկ մարդու նման կարող է զենք վերցնել եւ այնպես անել, որ հողը վառվի հակառակորդի ոտքերի տակ»:

 

Լեւոն Մկրտչյան. «Մեր ռազմագիտության ուսուցիչները պետք է սպայի առաքելության կարեւորությունը բարձրացնեն, ոչ թե միայն ավտոմատ քանդել-հավաքել սովորեցնեն: Պետք է խաղեր, մրցումներ կազմակերպել: Ռազմագիտության ուսուցիչները պետք է սովորեցնեն երեխային զենքը սիրել, չվախենալ զենքից: Զենքը պետք է սիրել, գուրգուրել, խնամել, ոչ թե միայն արագ քանդել-հավաքել իմանալ: Երեխան պիտի հասկանա, որ փրկությունը, խաղաղությունը դրա մեջ է: Մենք այլեւս իրավունք չունենք պարտության ձեւով խաղաղություն ստանալու: Պետք է արմատապես փոխվեն ինքնապաշտպանության վերաբերյալ ժողովրդի պատկերացումները»:

Լուսանկարը` PAN Photo

Արմեն Մուրադյան. «Այսօր այս հարցի լուծումը պետք է փնտրենք սկսած ընտանիքներից, հոգեւորականներից եւ հանրակրթական դպրոցներից: Միանշանակ կողմ եմ գաղափարախոսությանը, որ ընտանիքն է ձեւավորում սերը դեպի հայրենիքը: Բայց պետք է հասկանալ, որ հարկավոր է մրցունակ լինել կրթության, գիտության, մշակույթի մեջ, դա կարող է լինել առաջ շարժվելու միակ բանալին: Այսօր պետականություն ունենք, որը ձեռք ենք բերել արյան գնով: Պետք է սիրել երկիրը պետության միջոցով, սիրել բանակը ոչ թե զենքի միջոցով, այլ ցույց տալ, թե ինչ է տալիս բանակը, ինչ հնարավորություններ են բացվում այդ բանակի միջոցով պաշտպանված երկրի համար: Պետք է համաշխարհային արժեհամակարգում փորձենք մեր ձեռքբերումները տեղավորել եւ ընդգծել մեր հայկականությունը»:

Լուսանկարը` Լիլիան Գալտստյան/Panorama.am

***

 

Դասագրքերի բովանդակության վերանայման անհրաժեշտությունը

 

Լեւոն Մկրտչյան. «Եթե հասել ենք այն փուլին, որ այս հայեցակարգը պետք է դարձնենք կյանքի նորմ, ուրեմն պետք է վերանայել նաեւ դասագրքերի բովանդակությունը: Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքային խումբ ունենք, արմատապես փոխելու ենք մոտեցումները եւ դասագրքերը: Ռազմագիտությունն առարկա է, որն իր մեջ ունի գիտելիք, բայց նաեւ պետք է տալ հմտություն` հայրենասիրությունը գործնականացնելու հմտություն: Զինղեկի աշխատանքը, երբեմն, շատ ավելի դժվար է, քան մասնագիտական առարկների ուսուցչինը: Իրենք գործ ունեն եւ հմտության, եւ գիտելիքների փոխանցման հետ: Այս իմաստով ռազմագիտության դասագիրքը պետք է կարողանա դա անելու հնարավորությունները տալ: Անհրաժեշտ եմ համարում, որ մեր զինղեկները նաեւ պատերազմի միջով անցած մարդիկ լինեն: Միանշանակ է, որ պետք է զինղեկի դերը բարձրացվի»:

 

***

 

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունն ու մասնավոր հատվածը

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Խնդիրը լուծում չի ստանա, եթե հասարակությունը տեր չկանգնի այս պրոցեսին: Հայրենասիրությունը ներքեւից վերեւ բարձրացող պրոցես է, հակառակը լինել չի կարող: Կարեւոր է, որ հասարակությունն ունենա կրթության պահանջ, եւ դա ուղղվի պետությանը: Կարեւոր է նաեւ մասնավոր հատվածի ներգրավումը: Կարեւոր է, որ մարդիկ իրենց կրթության գործընթացի տերը զգան, դպրոցները զուտ գիտելիքներ մատակարարող կենտրոններ չլինեն: Այս խնդիրը մեկ առարկայով լուծվող խնդրիր չէ, ամբողջ համակարգը պետք է աշխատի այս ուղղությամբ: Երկու կարեւոր արժեք պետք է ձեւավորել` հայրենասիրություն եւ ասպետության ոգու արթնացում: Պետք է հետաքրքիր եւ ստեղծարար դարձնել ՆԶՊ առարկան: Տարբեր դպրոցներում հետաքրքիր փորձեր, որոնումներ կան: Նախարարությունները պետք է ուշի ուշով հետեւեն աշխարհում կատարվողին: Ռազմական գործը շատ տեխնոլոգիական է դարձել: Միայն զենքով կրակելը չէ, որ մեզ մասնակից է դարձնում ռազմական գործին: Կա տեխնոլոգիական եւ ինֆորմացիոն պատերազմ, որոնց վրա եւս պետք է ուշադրություն դարձնել: Չպետք է պատրաստել մարդուն մի բանի, որը վաղը կարող է հնանալ»:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին