Զինծառայողների ապահովագրավճարների հատուցումը շարունակվում է - Mediamax.am

4279 դիտում

Զինծառայողների ապահովագրավճարների հատուցումը շարունակվում է


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի համաձայնˋ երկու զոհված զինծառայողի ընտանիք արդեն իսկ ստացել է փոխհատուցում եւ շարունակում է ստանալ ամենամսյա վճարները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ փոխհատուցում կվճարվի եւս 2-3 զինծառայողի ընտանիքի:

 

Անդրադառնալով փոխհատուցումների ժամկետներին՝ նախարարը նշել է, որ օրենքի համաձայն՝ ապահովագրական վճարը տրվում է հարուցված քրեական գործի ավարտից հետո միայն:

 

«Որեւէ զոհվածի կամ վիրավորում ստացածի ընտանիք ՊՆ ուշադրությունից դուրս չի մնացել ու չի մնալու: Եթե հիմնադրամի գումարն ընտանիքին հասնի դեպքից մեկ ամիս հետո, այդ ընթացքում մենք նրանց կտրամադրենք աջակցություն: Մեր նպատակը ժամանակ ձգելը չէ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նշենք, որ ըստ օրենքի՝ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքներին պետք է տրամադրվի միանվագ 10 մլն դրամ, 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողինˋ միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

 

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարը սպայական անձնակազմի դեպքում կազմում է 300 հազ. դրամ, ենթասպաների դեպքումˋ 250 հազ., իսկ շարքայինների դեպքումˋ 200 հազ. դրամ:

 

Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250 հազ., 200 հազ. եւ 150 հազ. դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին