Ահաբեկչության սպառնալիքին համարժեք պատասխան է պետք - Mediamax.am

12593 դիտում

Ահաբեկչության սպառնալիքին համարժեք պատասխան է պետք


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ առաջիկա տարիներին ՀԱՊԿ պետությունները պետք է ուժեղացնեն հակաահաբեկչական բաղադրիչը։

«Ոչ միայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այլ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում պարբերաբար տեղի են ունենում սարսափելի հանցագործություններ, որոնք հիմնված են ատելության եւ անմեղ խաղաղ բնակիչներին սպանելու միջոցով ահաբեկելու փորձերի վրա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստվենք նման սպառնալիքներին միասին դիմակայելուն։ Մենք ունենք նման ծրագրեր մի շարք ուղղություններով։ Կարծում եմ, առաջիկա տարիներին մենք պետք է ուժեղացնենք հակաահաբեկչական բաղադրիչը եւ լրացնենք այն մշտապես թարմացվող գործիքներով, քանի որ ահաբեկչությունը արագ փոփոխում է իր ձեւերը, նոր գործիքներով է զինվում, եւ դա համարժեք պատասխան է պահանջում։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ», - ասել է նախարարը «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Մեկնաբանելով ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ազդեցությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունություն ամրապնդման վրա, Վիգեն Սարգսյանը ասել է.

 

«Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանն ու Ռուսաստանը իրենց համագործակցությունը բնութագրել են որպես ռազմավարական դաշինք։ Դրանից ելնելով, ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագրում մեր երկրների միջեւ ամրացվել է հավաքական պաշտպանության գերագույն սկզբունքը՝ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքը կամ հարձակումը դիտարկվում է որպես երկու երկրների դեմ հարձակում։ Հենց այդ ձեւակերպումը եւ դաշնակցային հարաբերությունների ընկալումը պահանջել են ռազմավարական մակարդակով համատեղ գործողությունների մեխանիզմներ եւ գործիքներ ունենալ, եթե դրանց կարիքը առաջանա։ Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ աշխատանքին։ Այս տարի արդեն նախատեսված են միջոցառումներ եւ համատեղ վարժանքներ։ Մենք պետք է հետեւողականորեն ծրագրենք եւ շարունակենք այս աշխատանքները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին