Վիգեն Սարգսյանը խոստացել է նորոգել Բերքաբերի ճանապարհը - Mediamax.am

exclusive
7856 դիտում

Վիգեն Սարգսյանը խոստացել է նորոգել Բերքաբերի ճանապարհը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը սահմանապահ Բերքաբեր համայնքի ճանապարհի հիմնանորոգման հարցն ընդգրկել է 2018-ի ծրագրի առաջնահերթություններում:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Բերքաբեր համայնքի բնակիչ Տիգրան Հարությունյանըˋ նշելով, որ համայնքի մի քանի երիտասարդներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին վերոնշյալ հարցով դիմելուց հետո, դիմել էին նաեւ պաշտպանության նախարարին:

 

«Նամակից մոտ մեկ շաբաթ անցˋ ինձ զանգահարեցին պաշտպանության նախարարությունից եւ հայտնեցին, որ միջգերատեսչական հանձնաժողովում որոշվել է Բերքաբերի ճանապարհը հիմնանորոգել 2018-ի գարնանը: Այդ նպատակով կհատկացվի մոտ 300 մլն դրամ, ինչի արդյունքում կարեւոր հարց կլուծվի մեզ համար», - ասել է Տիգրան Հարությունյանը:

 

Նա նշել է, որ գյուղից դուրս գալը լուրջ խնդիր է համայնքի բնակիչների համար:

 

«Անգամ տաքսիները չեն համաձայնում մեր գյուղ գալ: Հիմա գյուղատնտեսական սեզոն է, բայց մենք դժվարանում ենք բերքը դուրս հանել գյուղից. ճանապարհի անմխիթար վիճակով պայմանավորվածˋ ավտոմեքենաների պահեստամասերի վրա ավելի մեծ գումար կծախսենք, քան բերքի վաճառքից եկամուտ կստանանք»,- նշել է Բերքաբերի բնակիչը:

 

Վիգեն Սարգսյանին ուղղված նամակում հեղինակները շեշտել էին, որ Բերքաբերն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը կենսական նշանակություն ունի ոչ միայն համայնքի բնակիչների, այլեւ ՀՀ զինված ուժերի համար, քանի որ միակն է, որ սպասարկում է սահմանային դիրքերը:

 

Մեդիամաքսի հետ զրույցում համայնքի երիտասարդները վերահաստատել ճանապարհի վերականգնման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին