Զինծառայողների կենսաթոշակների վճարման կարգը կվերանայվի - Mediamax.am

19946 դիտում

Զինծառայողների կենսաթոշակների վճարման կարգը կվերանայվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերանայել զինվորական կենսաթոշակների եւ պարգեւավճարների ֆինանսավորման ընթացակարգերը եւ զինվորական կենսաթոշակների նշանակման եւ վճարման ցուցակների ձեւավորման գործընթացն իրականացնել էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական համակարգի միջոցով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ գործող կարգի համաձայն՝ համապատասխան մարմիններն իրականացնում են իրենց համակարգի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների եւ պարգեւավճարների նշանակման գործառույթը: Դա իրականացնում են «Զինկենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, որը կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մաս է:

 

Միաժամանակ, պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է տարածքային զինվորական կոմիսարիատների միջոցով:

 

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ համապատասխան մարմինների եւ կառավարության աշխատակազմի հետ բավական աշխատանքներ են տարվել զինվորական կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու գործառույթներն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու ուղղությամբ: Ստեղծվել է միասնական ցանց, համապատասխան մարմինները ներառվել են այնտեղ, իրականացվել են նաեւ վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:

 

2018թ. հունվարի 1-ից համապատասխան մարմիններում զինծառայության թոշակները կնշանակվեն եւ կվճարվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի միջոցով, իսկ պաշտպանության նախարարության կենսաթոշակառուի թոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով:

 

«Միեւնույն ժամանակ, 2017թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հունվարի 1-ը` երկու ամսով, կիրականացվի փորձնական ծրագիր, որպեսզի զուգահեռաբար ստացվեն ցուցակները հին եւ նոր համակարգով, եւ 2018թ. հունվարի 1-ից լիարժեք անցում կկատարենք նոր համակարգին»,- ասել է Արտեմ Ասատրյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին