ԱՄՆ կոնգրեսականները Վիգեն Սարգսյանին պատմել են արցախյան այցի մասին - Mediamax.am

18294 դիտում

ԱՄՆ կոնգրեսականները Վիգեն Սարգսյանին պատմել են արցախյան այցի մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ միջեւ իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջեւ ձեւավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները եւ ռազմական գերատեսչությունների միջեւ առկա ավանդական գործնական կապերը՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության եւ այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարեւորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների եւ զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում:

 

Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները եւ պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին