ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն ավարտել է այցը Հայաստան - Mediamax.am

8446 դիտում

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն ավարտել է այցը Հայաստան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 20-ից հերթական այցով Երեւանում էր Հայաստանի կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը:

Խմբի կազմում ընդգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

 

Այցի նպատակն է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության եւ ռազմաուսումնական հաստատությունների հետ 2017թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը եւ փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

 

Մարտի 21-ից 23-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

 

Մասնավորապես` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում եւ ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացվել են խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը:

 

ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արեւմտյան ռազմարվեստի հիմունքները. արեւմտյան եւ խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

 

Խումբը ճանաչողական այցով եղել է նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին