Ոստիկանությունը կձեռնարկի «իրավաչափ բոլոր միջոցները» - Mediamax.am

6212 դիտում

Ոստիկանությունը կձեռնարկի «իրավաչափ բոլոր միջոցները»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության տարածած նոր հայտարարության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքի մասնակիցների կողմից կառավարական շենքերի եւ պետական մարմինների արգելափակումը «դուրս է խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքի բովանդակությունից»:

«Ավելին, դրանց որոշ դրսեւորումներ առերեւույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ:

 

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու եւ խափանելու համար:

 

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում եւ քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են եւ որեւէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման եւ այլ սադրիչ վարքագիծ դրսեւորելուց:

 

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող եւ իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու եւ դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին