ԱԱԾ տնօրենը խոսել է «կոռուպցիոն շղթաների» բացահայտման մասին - Mediamax.am

33432 դիտում

ԱԱԾ տնօրենը խոսել է «կոռուպցիոն շղթաների» բացահայտման մասին


Արթուր Վանեցյանը
Արթուր Վանեցյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ասել է, որ առաջիկա օրերին հասարակությանը կներկայացվեն բացահայտված «կոռուպցիոն շղթաներ, որոնք ապահովել են մի շարք մարդկանց կարճ ժամանակում անօրինական հարստացումը»:

Այդ մասին Արթուր Վանեցյանն ասել է այսօր՝ մի շարք լրատվամիջոցների ղեկավարների եւ խմբագիրների հետ հանդիպմանը:

 

«Սակայն դա չի նշանակում, որ լինելու են որեւէ «ռեպրեսիաներ»: Ամեն ինչ լինելու է հրապարակային եւ կասկածի տեղ չի թողնելու», - ընդգծել է ԱԱԾ տնօրենը:

 

Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ բացահայտումների շնորհիվ զգալի գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:

 

Խոսելով կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար տանելու վարչապետի հանձնարարության մասին, ԱԱԾ տնօրենն ասել է, որ ծառայությունում նախաձեռնել  է մի շարք կառուցվածքային փոփոխություններ, որոնք այդ պայքարն ավելի արդյունավետ կդարձնեն:

 

«Ես վարչապետին հարցրել եմ՝ եթե ԱԱԾ-ն տեղեկություններ ստանա այս կամ այն անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության մասին, արդյո՞ք պետք է իրեն նախապես տեղյակ պահեմ: Վարչապետը պատասխանել է, որ իրեն նախապես զեկուցելու կարիք չկա եւ մենք պետք է անմիջապես դիմենք օրենքով սահմանված  միջոցառումների, անգամ եթե խոսքը իր թիմակիցների մասին է», - ասել է Արթուր Վանեցյանը:

 

ԱԱԾ ղեկավարը նշել է, որ «աչքերը չի փակելու» եւ «ոչ մի բանի առաջ չի կանգնելու»:

 

Արթուր Վանեցյանն ասել է նաեւ, որ ԱԱԾ մտադիր է «առանձնացնել» այսպես կոչված քրեական հեղինակություններին, որոնց հետ աշխատանք կտարվի բացառապես իրավական դաշտում:

 

««Օրենքով գող» հասկացություն իմ համար գոյություն չունի: Որքան էլ ծեծված հնչի, պետք է շեշտեմ, որ որեւէ մեկն իրեն արտոնյալ չպետք է զգա», - ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին