Էդուարդ Բաբայանը կալանավորվել է - Mediamax.am

3543 դիտում

Էդուարդ Բաբայանը կալանավորվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մեղադրանքն առաջադրվել է հուլիսի 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ Էդուարդ Բաբայանը խմբի կազմում հարվածներ է հասցրել եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:

 

 

«Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012թ.տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը՝ դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում: 

 

2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վյաչեսլավ Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Վյաչեսլավ Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ գլխուղեղի ցնցման, դեմքի եւ կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի եւ աջակողմյան պնեւմոթորաքսի ձեւով՝ ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ: 

 

 

05.07.2018թ. ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել Էՙ եւ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին