ԳՇ պետը պատրաստ է «բանակի դռները բացել» քաղաքացիների համար - Mediamax.am

6652 դիտում

ԳՇ պետը պատրաստ է «բանակի դռները բացել» քաղաքացիների համար


Արտակ Դավթյանը
Արտակ Դավթյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ «վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության եւ ռացիոնալության որեւէ տարր չպարունակող»:

«Այսպիսի հրապարակումներով նախեւառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը: Փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսեւորվում, տարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվում, իրային եւ պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են եւ այլն: Այս ամենը ոչ միայն է բարոյալքող ազդեցություն է ունենում զինված ուժերի անձնակազմի վրա, այլեւ, հաճախ, հասարակայնության շրջանում անհարկի, երբեմն նաեւ ոչ տրամանաբանական, շահարկումների տեղիք տալիս, որն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտագության ու կայունության մակարդակի բարձրացմանը», - ասված է Արտակ Դավթյանի հայտարարության մեջ:

 

Նա պատրաստակամություն է հայտնել «ցանկության (դիմելու) դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային եւ գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար»:

 

«Միաժամանակ ակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահ մարմինների արագ արձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձը», - ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին