Դավիթ Տոնոյան. ԵՄ-ն պատշաճ գնահատական է տվել զինված ուժերում ընթացող բարեփոխմանը - Mediamax.am

exclusive
8324 դիտում

Դավիթ Տոնոյան. ԵՄ-ն պատշաճ գնահատական է տվել զինված ուժերում ընթացող բարեփոխմանը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` www.mil.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ԵՄ ինստիտուտները «պատշաճ գնահատական են տվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը»:

Դավիթ Տոնոյանն ասել է այդ մասին, Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Եվրոպական Հանձնաժողովի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի կողմից հրապարակած Եվրոպական Հարեւանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ 2011թ.-ի համատեղ աշխատանքային փաստաթղթերը՝ Հայաստանի, ինչպես նաեւ այլ գործընկեր երկրների վերաբերյալ:

 

«Նախքան փաստաթղթերի անվտանգության եւ զինված ուժերի ոլորտին վերաբերող հատվածին անդրադառնալը, կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերի ձեւաչափը միատեսակ չէ բոլոր դիտարկվող երկրների համար: Միեւնույն ենթավերնագրի ներքո տարբեր երկրներին վերաբերող զեկույցներն անդրադառնում են տարբեր ուղղությունների: Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ գործընկերները անդրադարձ են կատարել հիմնականում այն հարցերին, որոնցում ակնհայտ առաջընթաց է նկատվում (ինչի մասին վերաբերյալ զեկույցներում հատուկ նշվում է), կամ էլ առկա են շուտափույթ լուծման ենթակա լուրջ խնդիրներ: Ուշագրավ է, որ մեր տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանի վերաբերյալ զեկույցում է անդրադարձ արվել զինված ուժերի եւ դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության խնդիրներին», - նկատել է Դավիթ Տոնոյանը:

 

«Կարծում եմ, զեկույցները բավականին օբյեկտիվ գնահատական են տալիս առկա վիճակին: ԵՄ ինստիտուտների կողմից պատշաճ գնահատական են տվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը: Այն արտահայտվում է թե ազգային անվտանգության թույլատրելի սահմաններում թափանցիկության ապահովման, թե քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ բաց համագործակցության եւ թե մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերում:

 

Անշուշտ, դեռեւս կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խնդիրներ, բայց պետք է ընդունել, որ բարեփոխումը աստիճանական գործընթաց է, որի շարունակականության ապահովման համար առկա է քաղաքական կամք: Այդ խնդիրները գտնվում են ՀՀ նախագահի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Մոտեցումը հետեւյալն է. չկա ժողովրդավարական արժեքներին այլընտրանք նաեւ պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում», - Մեդիամաքս-ին ասել է Դավիթ Տոնոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին