90368 դիտում

ԵԱԶԲ-ի զեկույց. Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելու վառ արտահայտված ցանկություն չունի


ԵԱԶԲ
ԵԱԶԲ

Լուսանկարը` n1.by


Երեւան: Մեդիամաքս: «Մաքսային միության համար նպատակահարմար է Հայաստանին առաջարկել միջերկրածովյան երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելի տարրերը. փոխգործակցության նման ձեւաչափում տնտեսությունները շարժվում են միմյանց հետ ինտեգրվելու նվազագույն հեռավորության ճանապարհով: Հայաստանի համար այդ նվազագույն հեռավորությունը աշխատուժի, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժն է, իսկ հեռանկարում` նաեւ միասնական ֆոնդային շուկան»:

Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԵԱԶԲ ԻՀԿ) կողմից այսօր հրապարակված «Մաքսային միությունը եւ հարեւան երկրները. փոխշահավետ գործընկերության ձեւաչափեր եւ գործիքներ» զեկույցում: Հեղինակները վերլուծել են առկա ինտեգրացիոն միավորումների միջեւ համագործակցության օրինակները եւ ձեւաչափերը, մասնավորապես, Եվրոպական Միության (ԵՄ) եւ վերջինիս անդամ չհանդիսացող եւ/կամ իր հետ ընդհանուր սահման չունեցող երկրների հետ:

Զեկույցում վերլուծվել են նաեւ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների հետ ԵՄ համագործակցության մոդելները (այդ թվում՝ ԵՄ Արեւելյան Գործընկերություն ծրագիրը):

Հայաստանի համար զեկույցում բերվել են ԵՄ-ի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների (Մարոկո, Թունիս), ինչպես նաեւ Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հետ ինտեգրացիոն գործընթացների օրինակները:

«Շվեյցարիայի հետ ԵՄ-ի համագործակցության փորձը վկայում է Հայաստանի հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ ոլորտային համաձայնագրերի նպատակահարմարության մասին. էներգետիկա, մետալուրգիա, ներդրումներ, գյուղատնտեսություն, մաքսային հարցեր, ծառայություններ (հիմնականում հեռահաղորդակցություն եւ տրանսպորտ), կապիտալի տեղաշարժ, առեւտրում առկա տեխնիկական խոչընդոտներ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, Մաքսային միության (ՄՄ) եւ Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) հետ համագործակցության համար կարող են կիրառվել ԵՄ-ի եւ Նորվեգիայի համագործակցության մոդելի տարրերը, այսինքն՝ ՄՏՏ-ի մի շարք համաձայնագրերին մասնակցելու մասին համաձայնագրի ստորագրումը առանց բուն ՄՄ-ի անդամության», - ասվում է զեկույցում: 

Քանի որ Հայաստանը ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին անդամակցելու վառ արտահայտված ցանկություն չունի, նրան չեն համապատասխանում այն երկրների համագործակցության մոդելների տարերը, որոնք ցանկանում են մուտք գործել ԵՄ (ԵՄ-ի եւ բալկանյան երկրների համագործակցության մոդելները), նշվում է զեկույցում:

«Հայաստանի հետ ինտեգրումը հասանելի կդարձնի այդ երկրի մետաղական եւ այլ հանքային ռեսուրսները՝ համապատասխան ոլորտներում ներդրումների միջոցով: Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման դեպքում տվյալ ապրանքների տեղափոխումը Ռուսաստանի տարածք հնարավոր կլինի անգամ առանց Հայաստանի հետ ընդհանուր սահմանի», - նշվում է զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am