Lydian International-ի ծրագրերը Հայաստանում խիստ դրական են, ասել է Սայմոն Ֆրեյզերը - Mediamax.am

128871 դիտում

Lydian International-ի ծրագրերը Հայաստանում խիստ դրական են, ասել է Սայմոն Ֆրեյզերը


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերը այսօր Երեւանում ասել է, որ «խիստ դրական» է համարում Lydian International ընկերության` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագիրը:

Lydian International-ը շահագործելու է Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի համար պատրաստվում է Հայաստանում ներդնել շուրջ $ 400 մլն:

 

«Մենք քննարկել ենք այս ընկերության ծրագիրը Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Հատկանշական է, որ Lydian-ը կգործի շրջակա միջավայրի նկատմամբ շատ հոգատար քաղաքականության կիրառմամբ», - ասել է Սայմոն Ֆրեյզերը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի հետ համատեղ մամլո ասուլիսին:

 

Ջոնաթան Էյվսը, իր հերթին նշել է, որ Lydian-ի ներդրումները Հայաստանում կօգնեն ընկալել Հայաստանը որպես բարենպաստ վայր ներդրումների համար: «Նրանք ներդնում են շրջակա միջավայրի անվտանգության ապահովման եւ ֆինանսական թափանցիկության բարձրագույն միջազգային չափորոշիչները: Նրանց հաջողությունը կանաչ լույս կդառնա այլ ընկերությունների համար», - ասել է դեսպանը:

 

Սայմոն Ֆրեյզերը ասել է, որ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է

աջակցել բրիտանական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում:

 

«Հայաստանում ներդրումային հնարավորություններ կան, մասնավորապես` հանքարդյունաբերության, ֆինանսական ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտում: Մենք շահագրգռված ենք ավելացնել ներդրումներն այստեղ: Դա մեծապես կախված է բաց, կայուն եւ հուսալի ներդրումային միջավայրի առկայությունից եւ այս առումով եւ ողջունում եմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկած տնտեսական բարեփոխումները», - ասել է Սայմոն Ֆրեյզերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին