«Հազար թոնիր էլ սարքեմ, մեկը մյուսին նման չի լինի» - Mediamax.am

exclusive
11104 դիտում

«Հազար թոնիր էլ սարքեմ, մեկը մյուսին նման չի լինի»


Վարպետ Հայկը
Վարպետ Հայկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետ Հայկը
Վարպետ Հայկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետ Հայկի պատրաստած չարխը
Վարպետ Հայկի պատրաստած չարխը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետի թոռների՝ կավե առաջին աշխատանքները
Վարպետի թոռների՝ կավե առաջին աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետի պատրաստած, դեռ չչորացած թոնիրը
Վարպետի պատրաստած, դեռ չչորացած թոնիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրաստման ամսաթիվը թոնրի վրա
Պատրաստման ամսաթիվը թոնրի վրա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետի տան բակը՝ կավե իրերով
Վարպետի տան բակը՝ կավե իրերով

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում կներկայացնի հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

 

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում բոլորն են ճանաչում թոնրագործ վարպետ Խաչատրյաններին: Թոնրագործությամբ այժմ զբաղվում է վարպետ Հայկը, ով արհեստի հմտությունները ժառանգել է հորից: Չնայած հիմա պատվերները քիչ են, բայց վարպետը վստահ է, որ իր գործն անհրաժեշտ է, ու մի օր մարդիկ նորից հասկանալու են թոնիր ունենալու կարևորությունը:

Վարպետ Հայկը Վարպետ Հայկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր տան թոնիրը ես եմ սարքել՝ 1972 թվին: Տասը տարեկանից սկսել եմ հետաքրքրվել թոնրագործությամբ, երբ հայրս էր զբաղվում այս գործով: Նա թոնրագործությամբ զբաղվել է 1960-ականներին: Որպես հորս օգնական շփվել եմ կավի հետ: Վարպետ Վարդանը՝ հայրս, շատ ավելի մեծ հռչակ ունի, քան ես:  Նրա դրած թոնիրները մինչև հիմա կան՝ 50-60 տարվա թոնիրներ: 1974 թ-ից, երբ ավարտեցի ինստիտուտը, սկսեցի զբաղվել նաև այս աշխատանքով: Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, իսկ սա լրացուցիչ գործ էր: Էն, ինչ հայրս է արել, նույնը ես եմ շարունակում, միայն թոնրի շուրթերը նկարազարդելիս մի գծիկ պակաս եմ դնում, որ տարբերվի. նախշեր են՝ սար ու ձոր ու մեջը գծիկներ:

Վարպետի տան բակը՝ կավե իրերով Վարպետի տան բակը՝ կավե իրերով

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ թոնիր էր սարքվում օջախում, էդ օջախը, էդ տունը կարծես կնքվում էր: Կարծես տվյալ տանը երեխա էր ծնվել: Ամբողջ ընտանիքի համար բարիք էր ստեղծում, և սա մեծ ուրախություն էր էդ ընտանիքի անդամների համար: Հատկապես տարեցները երգում էին, ուրախանում, կատակներ էին ասում, մասալաներ: Բերում էին տարբեր տեսակի քաղցրավենիքներ, նշում: Շատ տեղերում փող էին դնում թոնրի տակ: Հնուց եկած ավանդույթներ կան, բայց այսօրվա սերունդը կարծես դրանց նշանակություն չի տալիս:

 

Նախկինում թոնրագործությամբ զբաղվել են մեր տատիկները, ոչ թե պապիկները: Սա էնպիսի գործ չի, որ մտածես՝ աղջիկը չի կարող անել: Թոնիր պատրաստելը եղել է կանացի գործ: Ամեն գյուղում մի տատիկ է եղել՝ հռչակված, անունով, էդ տատիկը թոնրագործն է եղել: Եթե ես այսօր մի թոնիրը պատրաստում եմ 6-8 ժամում՝ պատրաստման նոր եղանակներով, այն ժամանակ մարդիկ օրը մի 10-15 սմ են կարողացել շարել: Տատիկներն եկել են, երգել, պարել, կերել-խմել, բամբասանք են արել կամ լավ-լավ բաներ խոսել: 10-15 օրվա ընթացքում նոր էդ տատիկը կարողացել է թոնիր սարքել:

 

էն տեսակ մասնագիտություն չի, որ թելով, հարթաչափով կամ ինչ-ինչ գործիքներով արվի. աչքի, տեսողության հետ կապված գործ է: Ահագին հետաքրքիր մասնագիտություն է, շատ հետաքրքիր: Ամեն մարդ չի, որ էս գործի համար է ծնված, որ կարողանա դա անի, բայց մարդ էլ կա, որ դրանով զբաղված էլ չլինի, սուր աչք ունենա, ֆայմը տեղը լինի, հաստատ անող է: Պիտի մեծ փորձ ունենաս, որ կարողանաս ցեխը նույն օրը բարձրացնես վերև: Պատահում է, որ թոնիր եմ դնում, տան հյուրերը, որ հավաքված նայում են, ասում են՝ վայ վարպետ, ո՞նց պիտի վերջացնես մի օրում, շուրթերը ո՞նց պիտի զարդարես, ի՞նչ պիտի նկարես վրան, ասում եմ՝ կլինի, ամեն ինչ էլ կլինի, ինչ կուզեք, էն էլ կնկարեմ, չէ՝ ես իմ ձեւն ունեմ շուրթերը գեղեցկացնելու: Անպայման նշում եմ, թե որ օրն է սարքվել՝ ամիս, ամսաթիվ, տարեթիվ: Հաճախակի գրում եմ՝ «ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում» ու Մասիս սար եմ նկարում:

Պատրաստման ամսաթիվը թոնրի վրա Պատրաստման ամսաթիվը թոնրի վրա

Լուսանկարը` Մեդիամաքս

Թոնրի պատրաստման հիմնական հումքը կավն է և ավազը: Կախված է նրանից, թե ինչքան է կավը հագեցած ավազահումքով, ավազաշերտով: Եթե զգում ես, որ ավազը բավարար է, պետք չի որևէ բան ավելացնել: Օրինակ` մեր՝ Արարատյան դաշտավայրի կավին անպայման պետք է ավազ խառնվի՝ յոթ դույլ կավ, մեկ դույլ ավազ: Ընդամենն օգտագործվում է 21 դույլ  կավ, 3 դույլ ավազ: Կավը ավազի հետ շաղախվում է, թրջվում, թողնվում մոտ երեք-չորս օրից մինչև մի շաբաթ: Ինչքան երկար մնա, էնքան որակը բարձրանում է: Կավի հետ հիմնականում կարելի է աշխատել գարնանը և աշնանը, բայց չի խանգարում նաև ամռանը: Ամռան համար էլ պայմաններ ենք ստեղծում, որ չճաքի՝  ծածկում ենք թոնիրը. որ բաց է լինում, շատ արագ չորանում է ու սկսում է ճաքել:

 

Շատ հետաքրքիր է տրորելու գործընթացը: Մենք ընդհանրապես տրորել ենք ոտքով , մեխանիկական ոչ մի միջոց չենք օգտագործել: Շատ-շատ տեղեր մեխանիկորեն են արել, ինչ-որ բաներ են հորինել, սարքել, դրանով են տրորել: Ոտքով տրորելու տարբեր ձևեր կան, ես հիմնականում կիրառում եմ սանրանման տրորելու ձևը՝ ոտքերդ իրար կողք կողքի պիտի խփես, հետո մեջտեղից իջեցնես՝ հրման եղանակով: Անընդհատ, մի քանի անգամ պետք է հավաքես իրար վրա, էնքան, որ դառնա միասեռ մասսա. ոչ մի գնդիկ պիտի չլինի:

 

Հետո կավը ավանդական եղանակով տեղափոխում ենք այն տուն, որտեղ պիտի պատրաստվի թոնիրը: Տանուտերը արդեն գիտի պայմանները, նախօրոք պայմանավորվում ենք: Մեկ անգամ իրենք պիտի թարմացնեն այդ կավը, տրորեն, ապա ստանան քառակուսի գնդեր՝ պանրի գլուխների պես: Այդ գնդերը մետաղալարով  կտրում ենք՝ մի գունդը երեք-չորս մասի բաժանելով: Դառնում է 12-14 կտորանի զանգված։ Կանայք, տղաները նստում են հատուկ սեղանների շուրջ, սկսում են պլուլել: Այս եղանակով  կավը երշիկանման տեսքի ենք բերում, որ կոչվում են լոլեր, ու շարում ենք թոնրի փոսի շուրջը: Թոնրի տակը նախօրոք պատրաստած եմ լինում աղյուսով, որ ավելի ջերմակայուն է, որից հետո օդանցքի խողովակն եմ դնում, որ հետագայում օդը բավարարի. առանց դրա անհնար է թոնիրը վառել: Ես մտնում եմ ներսը ու սկսում եմ շարելը էդ լոլերի միջոցով:

 

Շարվում է և՛ ներսից, և՛ դրսից, հարթեցման պրոցես է կատարվում: Դրսից էդքան կարևոր չի, ներսիցն է կարևորը, որ հարթ լինի: էդպես բարձրանում եմ վերև՝ 1 մետր 30 սմ, 1 մետր 20 սմ: Ամեն թոնիր յուրահատուկ ձևով ինքը իր տեսքով է պատրաստվում՝ կախված խորությունից, լայնությունից, տանտիրոջ պահանջից: Ամեն թոնիր իր տեսքն է ստանում. որ հազար հատ էլ թոնիր սարքեմ, մեկը մյուսին նման չի, որովհետև ձեռքի գործ է:

 

Թոնիրը անպայման ծածկվում է բամբակյա շորերով: Այն իրավունք չունի շատ արագ չորանալու. պիտի ծածկենք, որ դանդաղորեն խոնավությունը դուրս տա, որպեսզի ճաքեր չառաջանան: Դրանից 40 օր հետո, գուցե մի 10 օր ավել կամ պակաս, այն արդեն չոր է:

Վարպետի պատրաստած, դեռ չչորացած թոնիրը Վարպետի պատրաստած, դեռ չչորացած թոնիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե տեսնում եմ, որ թոնիրը չոր է, սկսում եմ թրծման պրոցեսը: Թրծումը կատարվում է աթարով՝ տավարի գոմաղբով: Մի երկու ցան վառում, գցում եմ, ու սկսում ենք լցնել մեջը: Սկսում է ինքն իրենով դանդաղ այրվել, եթե շատ արագ այրվեց, կճաքի: Էն աստիճանի են կավից պատերը կարմրում՝ կարծես երկաթը շիկացած լինի: Մինչև հաջորդ օրը առավոտ դանդաղ վառվում է: Եթե արագ սառեց, նորից է ճաքում: Պիտի թողնես ինքը սառի՝ 2-3 օրվա ընթացքում, որից հետո նոր տանտերը կարող է բացել, միջի եղած մոխիրը հանել ու արդեն հացը թխել:

 

Թոնրագործությամբ զբաղվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Շատ ազգերի մեջ սա ավանդական օջախ է եղել, ամեն ազգ մի նպատակի համար օգտագործել է: Բայց իմ սարքածը լրիվ այլ բնույթի է՝ ունի գոգավորություն, որ շատ բարենպաստ է ջերմությունն երկար պահելու եւ պատերը տաքանալու համար: Մեզ մոտ էլ՝ լեռնային շրջաններում, փոքրիկ են սարքում՝ 80-90 սմ բարձրությամբ, բայց Արարատյան հարթավայրում ահագին խորն են թոնիրները. դրա մեջ էլ իմաստ կա՝ ինչքան խորը, էնքան ջերմակայուն, հինգ հացի փոխարեն վեց հաց է տեղավորվում թոնրի մեջ:

Վարպետ Հայկի պատրաստած չարխը Վարպետ Հայկի պատրաստած չարխը

Լուսանկարը` Մեդիամաքս

80-ական թվականներին պատվերներ շատ կային, գործի մեծ պահանջ կար: Ամբողջ վաղ գարնանից մինչև ուշ աշուն այս գործը արվում էր, հիմա, կարելի է ասել, շատ քիչ է, սպառվել է՝ 2-4 պատվեր՝ ամբողջ տարվա կտրվածքով: Հիմնականում պատվիրում են  գյուղացիները: Այս տարի երկու պատվեր եղել է կողքի գյուղից: Ուրախացա, որ գյուղացի մարդը եկել, թոնիր է ուզում՝ հին ավանդական եղանակով, որ իրենք կարող են տրորել, պլուլել, կողքս նստեն, օգնեն: Ես պայմանները նախօրոք դնում եմ, որ չասեն՝ ինչի էսպես եղավ: Նաև ուրախացրեց, որ  ասեց՝ հայրդ է մեզ համար թոնիր սարքել վաթսունքանի թվին, մենք գիտենք, որ դու էլ նույն ձևով կսարքես, դրա համար ենք եկել:

 

Բայց վերջերս պատվիրատուները ավելի շատ ոչ թե գյուղացիներն են, այլ ռեստորանատերերը: Մոդայիկ բան է դարձել, նրանք սարքում են, որ հաճախորդներ շատ ունենան:

 

Գազի թխած հացը հո չի՞ ունենա մեր կավի, արքադի վառված համը, որ հացին է փոխանցվում: Այսօր մարդիկ կարող է անցել են թխման այլ եղանակներին, բայց կգա ժամանակ, կհասկանան, որ պետք է հին ավանդական մեթոդները օգտագործել, որ մեզ փոխանցվել են մեր պապերից: Էսօր, ճիշտ է, շահույթը մեծ է, մարդիկ չեն հասկանում, բայց վաղը մյուս օրը դա իրենց կյանքից է դուրս գալու:

 

Որտեղ թոնիր եմ դնում, էդ տան երիտասարդներին ասում եմ՝ էրեխե՛ք ջան, ուշադիր նայեք, սովորեք, ձեզ պետք կգա: Ամբողջ Հայաստանում 3-4 մարդ գիտեմ, որ զբաղվում են թոնրագործությամբ, որից մեկը մեր ընտանիքն է: Կուզեի, որ մեր երիտասարդները էս գործով զբաղվեն. չէ՞ որ սա մեր պապական արհեստն է կամ, ինչու չէ, արվեստը:

 

Երեկ մի հետաքրքիր բան եմ արել: Սարքել եմ չարխ՝ կավագործության համար, որ կուժ ու կուլա են սարքում: Թոռնիկներս էստեղ են՝ Հայկն ու Կարինեն: Երեկ առաջին անգամ իմ ցուցումներով թոռնիկներս իրենց առաջին կավե աշխատանքներն են արել: Ես զգում եմ, որ մի թոռնիկս կդառնա վարպետ: Դա մեր գեներով է գալիս, պապիս պապն էլ արհեստավոր է եղել՝ պատշար, քարտաշ: Այն, ինչը բնազդներից է գալիս, դրանից ուզես-չուզես, չես փախչի, մեկ է՝ մեկը կընդօրինակի:

Վարպետի թոռների՝ կավե առաջին աշխատանքները Վարպետի թոռների՝ կավե առաջին աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես երեխաների մեջ սերմանում եմ, որ կավը սիրեն, կավի հետ աշխատեն: Մի բան եմ որոշել անել՝ անապահով ընտանիքի երեխաները, ովքեր գումար չունեն վճարելու, թող գան, անվճար սովորեցնեմ արհեստը: Համ իրենց համար հացի խնդիր կլուծվի, համ էլ ազգային արժեք է, կպահպանվի:

 

Մարգարիտա Ղազարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին