Մի քանի բուհ՝ մեկ հարկի տա՞կ. որ փուլում է խոշորացման ծրագիրը - Mediamax.am

exclusive
3808 դիտում

Մի քանի բուհ՝ մեկ հարկի տա՞կ. որ փուլում է խոշորացման ծրագիրը


Լուսանկարը` wikimedia.org


Համանման ուղղվածությունն ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները մեկ հարկի տակ հավաքելու հարցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հաստատակամ է, բայց թե երբ միս ու արյուն կստանա գաղափարը, դեռ վաղ է ասել: Մեդիամաքս-ը փորձել է պարզել՝ ի՞նչ փուլում է գտնվում ծրագիրը, ինչպես նաեւ լսել է այն բուհերի ղեկավարների կարծիքը, որոնց վրա կարող է տարածվել խոշորացումը:

 

Անխուսափելի խոշորացումը

 

Պետական բուհերի խոշորացման ծրագիրը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ԿԳՆ ներկայացուցիչների բնորոշմամբ, անխուսափելի է եւ արդիական: Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Ռոբերտ Սուքիասյանի փոխանցմամբ, այժմ ուսումնասիրություններ են արվում, իսկ ծրագրի իրականացման ժամկետը կախված կլինի աշխատանքներից եւ ուղղությունների մշակումից:

 

«Խոշորացման տարբեր մոդելներ կան, փորձում ենք պահպանել միջազգային կրթության համակարգում բուհերի եւ մասնագիտությունների խոշորացման ընդհանուր գաղափարը»,- ասում է նա:

 

ԿԳՆ ներկայացուցչի խոսքով, պետք է աշխատանքներ տարվեն կրթական գործընթացների, բովանդակության, դրանց կազմակերպման ձեւերի համադրելիության շուրջ. «Դա ենթադրում է բուհերում նորմատիվային եւ մեթոդական բարեփոխումներ: Պետք է ուսումնասիրել ենթակառուցվածքները, լսարանների, լաբորատորիաների նյութատեխնիկական ապահովվածությունը: Ենթադրվում է ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի բարելավում, այդ թվում՝ դասախոսական անձնակազմի եւ գիտական ներուժի համախմբում»:

 

Լուսանկարը՝ Photolure

 

Բուհերի խոշորացման մտքի կողքին ամենից հաճախ հնչում է կրճատումների հարցը, ինչի մասին, Ռոբերտ Սուքիասյանի բնորոշմամբ, միանշանակ խոսելը ճիշտ չէ. «Միացումը դեռ չի նշանակում, որ կրճատում պետք է լինի: Վերլուծությունից հետո, երբ կունենանք պատկերը, կհասկանանք՝ արդյո՞ք դա տանում է ռեուրսների կրճատման: Արդյո՞ք ենթադրում է դասախոսական, թե վարչական անձնակազմի կրճատում, թե՞ ընդհանրապես կրճատման չի տանում, կամ միայն որոշակի տոկոսով»: 

 

Բուհերի խոշորացման հարցում, ըստ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետի, մեծ դիմադրություն չկա, իսկ մասնագիտությունների խոշորացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: Այս պահին Հայաստանում գործում է 24 բուհ, իսկ թե խոշորացումից հետո քանիսը կմնան, եւս հայտնի չէ:

 

Առաջին ծիծեռնակը

 

Բուհերի խոշորացման մասին պաշտոնյաների հայտարարություններն ավելի գործնական դաշտ տեղափոխվեցին մի քանի ամիս առաջ, երբ բուհերի՝ մարզերում գործող մասնաճյուղերի միավորման գործընթաց սկսվեց, կառավարության համապատասխան որոշումներ ընդունվեցին, իսկ ավելի ուշ հնչեց ԿԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ու Ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին»:

 

Ու թեեւ շատ հաստատակամ հնչեց պնդումը, որ խորհրդային տարիներին արված տարանջատումն արհեստական է եղել, դրան ավելի էական քայլեր մինչ օրս չեն հետեւել: Թե ինչու է ձգձգվում գործընթացը, պատկան մարմինները հստակ չեն հայտնում, բայց ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Ռոբերտ Սուքիասյանի խոսքով, այս պահին սկզբնական աշխատանքներ են տարվում:

 

«Ընդհանուր ուղղությունների շուրջ կներկայացնենք կարծիքներ, որից հետո արդեն կսկսենք գործընթացը, սա աշխատատար է»,- ասում է նա:

 

Այս երկու բուհի միավորմանը կողմ է նաեւ Պոլիտեխնիկի ներկա եւ Ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է ունենալ հզոր տեխնոլոգիական համալսարան, ինչին կարող է բերել այս երկու բուհերի միավորումը:

 

Լուսանկարը՝ Photolure

Արվեստի բուհերի ճակատագիրը

 

Արվեստի բուհերի մասով, ինչպես նշում են ԿԳ նախարարությունում, այս պահին դեռ որեւէ քննարկում, մոտեցումներ չկան: Նախարարությունը հստակություն չի մտցնում, բայց Կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան եւ Թատրոնի ու կինոյի ինստիտուտը, կարծես թե, հակված են գործունեությունն առանձին շարունակելու տարբերակին:

 

Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը կարծում է, որ հարցն այդքան օրհասական չէ: Մարզերի մասնաճյուղերի միավորմանը դեմ չէր, քանի որ տարածության վրա վերահսկելը դժվար է, հատկապես որ միայն ԵՊԿ-ն 24 ամբիոն ունի:

 

Նա նկատեց, որ խոշորացման օրինակներ աշխարում կան, դա էլ է ձեւ, բայց եւ հավելեց, որ Կոնսերվատորիայի 90 տարվա պատմությունը ցույց է տվել, որ գործողը սխալ մոդել չէ:

 

«Իմ կարծիքով, Կոնսերվատորիայի առանձին լինելը ճիշտ է: Եղել է ժամանակ, երբ Գեղարվեստի ակադեմիան եւ ԵԹԿՊԻ-ն միասին են եղել, հիմա չեմ կարող ասել՝ իրենց դեպքում ինչ կլինի, համենայնդեպս, առանձին ավելի հարմար է: Պետության տեսանկյունից մի կողմից լավ է՝ ռեսուրսների կրճատման առումով, բայց մյուս կողմից էլ այսպես աշխատատեղեր կան: Ես կողմ եմ մասնագիտությունների խոշորացմանը, իսկ Կոնսերվատորիան միշտ առանձին է եղել, կարծում եմ՝ առանձին կլինի»,- նշում է ռեկտորը:

 

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւս խիստ դեմ է արտահայտվում միավորմանը: Նրա հետ համակարծիք է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը:

 

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են Կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան ու Թատերական ինստիտուտը միանալ եւ Արվեստների ակադեմիա դառնալ: Սկսենք շենքային պայմաններից, որոնք անհրաժեշտ են. եթե միանալու ենք, բայց յուրաքանչյուրս մնալու է իր տարածքում, համակցումը մեխանիկական է լինելու, այդ դեպքում նպատակահամարությունը որ՞ն է: Մենք ունենք 13 մասնագիտություն, ընդլայնվում ենք, մեր պատկերացումներից դուրս է որեւէ բուհի հետ միանալը: Ամեն դեպքում, կյանքը հարափոփոխ է, այսօր ասում ենք՝ չենք պատկերացնում, հնարավոր է՝ պայմաններ փոխվեն: Ոչինչ միանշանակ ասել չենք կարող»,- նկատում է ԵԹԿՊԻ պրոռեկտորը:

 

Ըստ Նարինե Սարգսյանի, պետք է նաեւ շուկայի պահանջարկը հաշվի առնվի, պահանջարկն ու առաջարկը ներդաշնակ լինեն:

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին