«Մաթեմատիկա» լեզվի հայ գիտակները - Mediamax.am

exclusive
7022 դիտում

«Մաթեմատիկա» լեզվի հայ գիտակները


Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Մեհրաբյանը
Անուշ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեն Կարապետյանը
Արեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Պողոսյանը
Դերենիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Դաղբաշյանը
Սարգիս Դաղբաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Ի՞նչ տեղի կունենա աշխարհի հետ, եթե 100 մետրով բարձրանա ջրային ծածկույթի մակարդակը: Որո՞նք են աղմուկի գույները եւ ինչպե՞ս են աղմուկի տարբեր տեսակներն ազդում մեր լսողական ապարատի վրա: Այս խնդիրների լուծմամբ դպրոցականները չէ, որ պետք է զբաղվեն, բայց, պարզվում է, նրանց մաթեմատիկական եւ վերլուծական ունակությունները կարող են օգտակար լինել նաեւ նմանատիպ հարցերում:

 

«Վոլֆրամ Ռիսըրչ» ընկերության (Wolfram Research) եւ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 4 հայ պատանիներ հուլիսին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի մոտ գտնվող Բենթլի համալսարանում մասնակցել են մաթեմատիկայի ամառային ճամբարին եւ վերադարձել «մաթեմատիկա» ( Mathematica ) ծրագրի իմացությամբ եւ վառ տպավորություններով:

 

Ճամբար մեկնելու համար «Վոլֆրամ» ընկերությունը նախապես կազմակերպել էր մրցույթ, որի մասին  «Այբ» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի 700 ավագ դպրոցներ էր ուղարկել հրավեր-նամակներ եւ հայտարարություն տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

 

«Վոլֆրամ» ընկերությունից ավելի ուշ տեղեկացրել են, որ Հայաստանից ծրագրին դիմող լավ աշակերտներն այնքան շատ են եղել, որ ընտրություն կատարելը դժվար է եղել: Արդյունքում ընտրվել էին 4 լավագույն դիմորդները՝ Դիլիջանի ավագ դպրոցից Անուշ Մեհրաբյանը և «Քվանտ» վարժարանից Արեն Կարապետյանը, Դերենիկ Պողոսյանը, Սարգիս Դաղբաշյանը:

 

Ընտրված առաջին երկու աշակերտներին՝ Անուշին և Արենին, «Վոլֆրամ» ընկերությունը և «Այբ» կրթական հիմնադրամը տրամադրել են ամբողջական կրթաթոշակ: Կրթաթոշակը հովանավորվել է «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի կողմից:

 

Ճամբարից վերջերս վերադարձած աշակերտները Մեդիամաքս-ին պատմել են իրենց ճամփորդության, Սթիվեն Վոլֆրամի հետ հանդիպումների, «մաթեմատիկա» ծրագրի օգնությամբ իրենց պատրաստած նախագծերի եւ իրենց ապագա պլանների մասին:

 

Սարգիս, ապագա տեխնոֆիզիկ կամ ծրագրավորող

Սարգիս Դաղբաշյանը Սարգիս Դաղբաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուզում էի դառնալ միջուկային ֆիզիկոս, բայց ծնողներիս «ճնշման ներքո» փոխեցի որոշումս: Նրանք ասացին, որ դա վտանգավոր մասնագիտություն է: Հիմա պլանավորում եմ սովորել տեխնոլոգիական ֆիզիկա կամ ծրագրավորում: Մրցույթի մասին իմացա Ֆեյսբուքից: Հետաքրքրվեցի, դիմեցի եւ ընդունվեցի: Ուրախացա, որ մյուս երկու մասնակիցներն էլ են «Քվանտից», բայց շատ զարմացա, որ երրորդը աղջիկ է եւ «Քվանտից» չէ: Հետո պարզվեց, որ լավ էլ խելացի աղջիկ է: Մինչեւ մեկնելը մենք բոլորս ընկերացանք: Հետո նաեւ ընկերներ ձեռք բերեցինք նաեւ այլազգի մասնակիցների շրջանում:

 

Ճամբարում մեծամասամբ դասերով էինք զբաղվում՝ առավոտից մինչ երեկո: Իհարկե, ունենում էինք նաեւ հանգստի ժամեր, բայց նախընտրում էինք մեր անհատական նախագծերի վրա աշխատել: Իմ նախագիծը աղմուկի գույների մասին էր: Գոյություն ունեն աղմուկի գույներ, որոնք արտահայտվում են բնության մեջ: Ես ուսումնասիրում էի աղմուկի գույները եւ գրաֆիկորեն գույնի միջոցով ցույց էի տալիս աղմուկի փոփոխությունը:  Մեզ ամենից շատ վնասում է սպիտակ աղմուկը (white noise), որը գալիս է համակարգիչներից, օդափոխիչներից եւ այլն: Ես նպատակ ունեի ծրագրի միջոցով որոշելու նաեւ աղմուկի վնասակարության աստիճանը, պարզապես չհասցրեցի: 

 

Բացի դասերից այլ հետաքրքիր իրադարձություններ էլ եղան. մենք ծանոթացանք այլ ազգերի մշակույթների հետ: Նրանց էլ փորձեցինք ներկայացնել մեր մշակույթը, բացատրեցինք, թե ինչպես ենք խաղում Վարդավառ:

 

Սթիվեն Վոլֆրամի հետ ունեցանք երկու հանդիպում: Առաջին հանդիպման ժամանակ նա օգնում էր մասնակիցներին անհատական նախագծերի ընտրության հարցում: Նա մեզ խորհուրդներ տվեց եւ ցույց տվեց, թե ինչպես օգտագործենք իր ծրագրավորման լեզուն հաջողության հասնելու համար: Շատ բարի մարդ էր, բոլոր աշակերտներին ոգեւորում էր:

 

Նա ստեղծել է «մաթեմատիկա» ծրագիրը, քանի որ ինքն անձամբ թույլ է եղել մաթեմատիկա առարկայից: Որոշել է ստեղծել մի այնպիսի ծրագիր, որը կօգնի իրեն լուծել ցանկացած խնդիր: Նա ծրագրավորման գիտակ է եղել: Այս ծրագիրը մաթեմատիկա չդիմացողներին շատ կարող է օգնել: Նրանից 27 տարի է պահանջվել ծրագիրն իր ավարտին հասցնելու համար: Սակայն ասում է, որ դեռ շտկելու շատ բան կա:

 

Անուշ, ապագա բիզնես կառավարիչ կամ տնտեսագետ

Անուշ Մեհրաբյանը Անուշ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրի մասին իմացել եմ անձամբ Սթիվեն Վոլֆրամից, որը երկու տարի առաջ Հայաստանում էր: Այս տարի տարիքս արդեն համապատասխանում էր ծրագրի պահանջներին, ես էլ որոշեցի դիմեմ: Սպասումներս արդարացվեցին: Թեպետ շատ ծանրաբեռնված էինք, բայց կարողացանք լավ ժամանակ անցկացնել:

 

Ամենակարեւոր մասը մեր անհատական նախագծի ներկայացումն էր: Մեզնից

յուրաքանչյուրն ուներ հնարավորություն ընտրելու որեւէ նախագիծ եւ այն ներկայացնելու ծրագրավորման լեզվի միջոցով: Իմ նախագիծը փորձում էր ցույց տալ, թե ի՞նչ տեղի կունենա աշխարհի հետ, եթե 100 մետրով բարձրանա ջրի մակարդակը: Կարողացել էի ծրագրավորման միջոցով պատկերել դա: Ծրագիրը հնարավորություն էր տալիս ընտրելու մի քանի երկիր եւ տեսնելու, թե այդ երկրների հետ ի՞նչ կկատարվեր: Պատկերը ցույց էր տալիս, թե ի՞նչ կկատարվի, եթե ջրի մակերեւույթը բարձրանա  20, 50  կամ 100 մետրով:

 

Շուտով մեկնում եմ Գերմանիա ուսումս շարունակելու Ֆրայբուրգի Ռոբերտ Բոշի անվան քոլեջում՝ բիզնես կառավարման կամ տնտեսագիտության ուղղությամբ: 2 տարի այնտեղ սովորելուց հետո կփորձեմ ուսումս շարունակել Գերմանիայի, ԱՄՆ-ի կամ Անգլիայի համալսարաններից որեւէ մեկում:

 

Արեն, ապագա էլեկտրոինժեներ

Արեն Կարապետյանը Արեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճամբարի կազմակերպիչները կարողացել էին համատեղել ուսումն ու հանգիստը: Մեր մենթորներն էլ երիտասարդ էին եւ շատ ուրախ մթնոլորտ էին ստեղծում մեր շուրջ: Ամեն օր բացի դասերից մենք նաեւ խաղեր էինք խաղում համալսարանի տարածքում: Մենք նաեւ հասցրեցինք այցելել երկու թանգարան՝ Գիտության թանգարան եւ Հարվարդի բնական պատմության թանգարան: Գիտության թանգարանն այնքան մեծ էր, որ անհնար էր ամեն ինչ տեսնել, բայց մենք փորձեցինք:

 

Վոլֆրամը փոքր-ինչ փոփոխեց իմ նախագիծը, հետո ծանոթացա իմ մենթորի հետ եւ սկսեցինք աշխատել: Մենք օրական աշխատում էինք 9-10 ժամ, որպեսզի հասցնենք ստանալ պատրաստի պրոդուկտ: Իմ նախագիծը գրաֆիկական էր եւ հնարավորություն էր տալիս պատահական եռանկյունիներին մի կետից մյուս կետն անցնելու ամենակարճ ուղին գտնել: Աշխատող ծրագիր ստացվեց, շուտով կվերբեռնեմ համացանցում:

 

Սթիվեն Վոլֆրամի ելույթից ինձ ոգեշնչեց այն, երբ նա ասաց՝ ինչ էլ լինի, մի հանձնվեք եւ շարունակեք ձեր սկսած գործը, նույնիս եթե քչերն են ձեզ հավատում: Նա այդ ապացուցում է իր կյանքի օրինակով: Նա աշխատում է այն սկզբունքով, որ գործն իրեն թե՛ հաճելի լինի, եւ թե՛ ֆինանսապես շահավետ: Նրա մոտ հաջողվում է համատեղել այդ երկուսը:

 

«Մաթեմատիկա» լեզվի առավելությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն մաթեմատիկոսներին այլ նաեւ տարբեր այլ ոլորտներում աշխատող մարդկանց ծրագրային լուծումներ գտնել շատ ու շատ հարցերի համար: Այն օգտակար է նաեւ նրանց համար, ովքեր, օրինակ, զբաղվում են գրաֆիկական դիզայնով կամ տիեզերական ինֆորմացիայի մշակմամբ: Այն մարդիկ, ովքեր այդքան էլ խորացած չեն ծրագրավորման մեջ, կարող են հեշտությամբ օգտվել «մաթեմատիկա» ծրագրից:

 

Ես ուզում եմ սովորել էլեկտրոինժեներիա, խորանալ միկրոինժեներիայի եւ միկրոպրոցեսորների մեջ: Նպատակ ունեմ ուսումս շարունակել ԱՄՆ-ում:

 

Դերենիկ, ապագա բիզնես կառավարիչ կամ տնտեսագետ

Դերենիկ Պողոսյանը Դերենիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մաթեմատիկա»  ծրագրի մասին գիտեի վաղուց, երբ դեռ Մոսկվայում էի սովորում: Ավագ դասարանցիներն օգտվում էին այդ ծրագրից: Սարգիսն ինձ ու Արենին տեղեկացրեց, որ այդպիսի ծրագիր կա, եւ մենք նույնպես դիմեցինք: Շատ ուրախ էինք, որ երեքիս էլ ընտրեցին:

 

Ինձ դուր եկավ այն, որ շատ էինք աշխատում: Եթե ինչ-որ բան սկսում էինք, պետք է անպայման ավարտին հասցնեինք: Բոլորն աշխատում էին նաեւ երեկոյան 8-ից հետո, երբ դասերն ավարտվում էին: Բոլորը մտածում էին նախագծերի մասին, որովհետեւ ժամանակը սուղ էր:

 

Իմ առաջարկած նախագիծը պետք է հաշվարկեր, թե որոշակի N խմբում որքա՞ն է հավանականությունը, որ երկու մարդ, օրինակ, ծնված կլինեն միեւնույն օրը: Օրինակ, հավանականությունը, որ 23 հոգանոց խմբում երկու հոգի կլինեն նույն օրը ծնված, մոտ 50% է:

 

Նպատակ ունեմ ուսումս շարունակել արտասահմանում:  Ես այժմ սովորում եմ միջազգային բակալավրիատում (IB),  որը հնարավորություն է տալիս առանց քննությունների ընդունվել արտասահմանյան բուհեր:

 

Մարիամ Մանոյան

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ աշակերտների արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին