Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգը - Mediamax.am

13975 դիտում

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգը


Լուսանկարը` Asian Development Bank


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը, քանի որ «երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձեւաչափը կրթության որակի վրա ազդում է»:

Այս մասին նախարարն ասել է Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

«Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության, խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, եւ այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը եւ բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց»,- ասել է նախարարը:

 

Նա կարեւորել է նոր մեթոդների մշակումը եւ ընդգծել Կանադայի եւ Ռուսաստանի համապատասխան փորձը:

 

Անդրադառնալով կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին՝ Լեւոն Մկրտչյանը որպես օրինակ նշել է Մոսկվայում վերջին շրջանում դպրոցների միավորման գործընթացը:

 

«4000 դպրոցների միավորման արդյունքում ստեղծվել է 700 դպրոց, սակայն որեւէ դպրոց չի փակվել, ոչ մի ուսուցիչ չի կրճատվել, ընդամենը կենտրոնացվել է կառավարման համակարգը եւ ստեղծվել է ցանցային դպրոցի մոդել: Մենք պետք է քննարկենք եւ լուծումներ գտնենք նաեւ մեր դպրոցների համար»,- նշել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է նաեւ ՀՀ դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթության ուժեղացման կարեւորությունը:

 

Նա կարեւորել է բնական գիտությունների ուղղության զարգացումը, ինչպես նաեւ հումանիտար եւ հայագիտական առարկաների պարտադիր ծավալի ամրագրումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին