Երեւանում մեկնարկել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը - Mediamax.am

19831 դիտում

Երեւանում մեկնարկել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը


Լեւոն Մկրտչյանը եւ Յանիս Վերվերիդիսը
Լեւոն Մկրտչյանը եւ Յանիս Վերվերիդիսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը հանդիսացող Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի Executive MBA ծրագիրն այս ամիս մեկնարկում է Հայաստանում։

Հոկտեմբերի 13-ին Երեւանում ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ Սիթի Քոլեջի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

 

Երկամյա ծրագիրը նախատեսված է մենեջերների եւ գործարարների համար, որոնք ցանկանում են կատարելագործել անձնական եւ մասնագիտական առաջխաղացման համար անհրաժեշտ հմտությունները: Ծրագրին մասնակցում է 21 ուսանող։

 

Ամսական մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, դասավանդման կառավարելի մոդելը թույլ կտա համատեղել աշխատանքն ուսման հետ:

 

Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի նախագահ Յանիս Վերվերիդիսը նշել է, որ առաջին անգամ Հայաստանում մենեջերներին եւ գործարարներին առաջարկվում է բարձրակարգ բրիտանական կրթություն եւ MBA կոչում ստանալու հնարավորություն՝ ապրելով, աշխատելով եւ սովորելով Երեւանում:

 

«Կոչումները շնորհվելու են Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի կողմից: Բացվող ծրագիրը կունենա բարձր որակ, թիրախում կլինեն մենեջերները եւ բիզնես պրոֆեսիոնալները։ Ծրագիրը դասավանդելու են գիտնականներ եւ դասախոսներ Շեֆիլդի համալսարանից եւ Սիթի Քոլեջից։ Ուսանողները հնարավորություն կունենան համատեղել տեսությունը եւ պրակտիկան՝ ուսումնական շաբաթներ անցկացնելով նաեւ Շեֆիլդում եւ Սալոնիկում»,- տեղեկացրել է Յանիս Վերվերիդիսը։

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքով՝ բրիտանական ամենահայտնի համալսարաններից մեկի մուտքը Հայաստան կարող է լուրջ նշանակություն ունենալ հայաստանյան կրթության որակի բարձրացման տեսանկյունից:

 

«Հույս ունեմ, որ այս հաջող փորձը կնպաստի, որ կարողանանք այլ հայտնի համալսարանների եւս հրավիրել Հայաստան»,- նշել է նախարարը։

 

«Ներդրվող ծրագիրը ոչ միայն ֆորմալ կրթություն է տալիս, այլեւ օգնում է ստեղծել միջանձնային կապեր։ Ուրախ եմ, որ այդ ամենն արդեն հասանելի է նաեւ հայ ուսանողներին։ Արդեն շուրջ մեկ տարի է ինչ Հայաստանում եմ եւ նկատել եմ, թե որքան բարձր է այստեղ գնահատվում կրթությունը»,- նշել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

 

ՀՀ-ում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրաիլան էլ ծրագիրն անվանել է «ներդրում՝ բարեկամ երկրում»։

 

«Չմոռանանք, որ վերջին տարիներին մեծ թվով ուսանողներ եւ ասպիրանտներ են կրթություն ստանում Սալոնիկում՝ դրանով ամրապնդելով Հայաստանի եւ Հունաստանի միջեւ դարավոր կապերը։ Դեսպանատան հյուպատոսական բաժինն ամեն ինչ կանի, որպեսզի հեշտացնի վիզաների ստացման գործընթացն ուսանողների համար»,- նշել է Հունաստանի դեսպանը։

 

Շեֆիլդի համալսարանը 84-րդ է աշխարհում, 29-րդը՝ Եվրոպայում (QS Rankings 2016-17թթ.) եւ պատկանում է  աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսին: Համալսարանի Միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջը Համալսարանի վեց ֆակուլտետներից մեկն է եւ միակը, որը գտնվում է երկրի սահմաններից դուրս՝ կապելով Միացյալ Թագավորությունը Հարավարեւելյան եւ Հարավային Եվրոպայի հետ:

 

Ներկայում Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը միաժամանակ իրականացվում է 5 քաղաքներում՝ Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիեւում եւ Բուլղարիայում։ Տեղակայված լինելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում, Միջազգային ֆակուլտետը բաղկացած է հետեւյալ չորս բաժիններից՝ Գործարար կառավարում եւ էկոնոմիկա, Հոգեբանություն, Համակարգչային գիտելիքներ եւ Անգլերեն լեզվի ուսումնասիրություն: Այն առաջարկում է բարձրագույն եւ հետբուհական ծրագրեր անգլերեն լեզվով վերոնշյալ բաժիններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին