Գիտական աստիճանների նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն - Mediamax.am

9248 դիտում

Գիտական աստիճանների նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն


Լիլիթ Արզումանյանը
Լիլիթ Արզումանյանը

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանն այսօր ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:

«ԲՈՀ-ը` հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը` այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Այս գործընթացը սկսվել է դեռեւս 90-ականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական  համակարգից, որն այսօր այլեւս չի կարող գործել»,- ասել է Լիլիթ Արզումանյանը:

 

ԲՈՀ նախագահի խոսքով՝ փոփոխությունների հետեւանքով անվանացանկից հանվել է շուրջ 40 մասնագիտություն՝ դրանք ներառելով հարակից

մասնագիտությունների մեջ:

 

«Մենք իրականում ոչինչ չենք կորցրել, որովհետեւ տեղի է ունեցել մասնագիտությունների խոշորացում: Այսինքն՝ մասնագիտությունները դուրս չեն մնացել, դրանք ընդամենը միավորվում են»,- ընդգծել է Լիլիթ Արզումանյանը:

 

Նոր անվանացանկի հաստատումից հետո համապատասխանաբար սկսվել է նաեւ նոր մասնագիտական խորհուրդների հաստատումը՝ նոր սկզբունքներով:

 

«Մենք այստեղ կիրառել ենք նոր մոտեցում. յուրաքանչյուր գիտնական կարող է ընդգրկվել միայն մեկ մասնագիտական խորհրդում եւ միայն մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով մենք կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, եւ խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Արդյունքում մասնագիտական խորհուրդների կազմերը նկատելիորեն թարմացան, ընդգրկվեցին ավելի շատ թվով գիտնականներ, հատկապես՝ երիտասարդներ»,- նշել է ԲՈՀ նախագահը՝ հավելելով, որ  նոր մասնագիտական խորհուրդների կազմերը փոքրաթիվ են՝ 9 գիտնական: 

 

Փոփոխությունների արդյունքում ներկայում ձեւավորվել է գիտության 22 բնագավառ՝ 44 ենթաբնագավառով, որոնցում ընդգրկված են մոտ 155 մասնագիտություններ:

 

Անվանացանկում տեղ գտած միակ նորությունը Գեւորգյան ճեմարանում ձեւավորված Աստվածաբանության մասնագիտական խորհուրդի ստեղծումն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին