Սեպտեմբերից ՀՀ դպրոցներում կներդրվի էլեկտրոնային կրթությունը - Mediamax.am

11781 դիտում

Սեպտեմբերից ՀՀ դպրոցներում կներդրվի էլեկտրոնային կրթությունը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ եւ կիրառելի ուսուցման մեթոդ:

Այս մասին նախարարն ասել է հեռավար ուսուցման կազմակերպմանը նվիրված խորհրդակցության ընթացքում:

 

«Մենք սկսել ենք հեռավար կրթության մեթոդաբանության փորձարկումը. յուրաքանչյուր շաբաթ տարբեր տեխնիկական մեթոդների օգտագործմամբ փորձել ենք ճշգրտել մեթոդաբանության ձեւաչափերը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք էլեկտրոնային կրթության տարրերը ներմուծել առարկայական կրթական ծրագրերի մեջ»,- ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ հիմնական խնդիրը դասավանդման մեջ ՏՀՏ գործիքների կիրառման տարածականության ապահովումն է, քանի որ հանրապետությունում գործող ավելի քան 1400 դպրոցները կրթության որակի եւ տեխնոլոգիական հագեցվածության առումով տարբեր մակարդակների վրա են,  հետեւաբար՝  առաջատար դպրոցներն իրենց վրա պետք է վերցնեն լոկոմոտիվի դերը:

 

«Որպես առաջին քայլ՝ պետք է ստեղծենք էլեկտրոնային հարթակ տարբեր առարկաների համար՝ օգտագործելով առաջատար դպրոցներում կուտակված ռեսուրսները: Երկրորդը՝ պետք է հասնենք այն նպատակին, որ բոլոր ուսուցիչները, լիարժեք կարողանալով օգտվել էլեկտրոնային այդ պաշարներից, կիրառեն դրանք դասավանդման պրոցեսում: Շատ կարեւոր է, որ այս համակարգի ներդրումը արդյունավետության տեսանկյունից լինի չափելի, հետեւաբար այդ նպատակով պետք է ամբողջությամբ վերանայել ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը եւ ծրագրերը»,- նշել է նախարարը:  

 

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանն էլ ներկայացրել է հանրակրթության դպրոցներում իրականացված էլեկտրոնային հագեցվածության գնահատման ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ ՀՀ դպրոցներում այս պահին առկա է  շուրջ 20 հազ. համակարգիչ, որոնցից մոտ 20%-ը բարոյապես հին է:

 

Ըստ ուսումնասիրության՝ ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառման մոտիվացիան շատ ցածր է գնահատվում: Հեռահաղորդակցության մեթոդները դասերի ընթացքում ակտիվորեն կիրառում են ընդհանուր առմամբ 500-600 ուսուցիչ:

 

Լեւոն Մկրտչյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի ՀՀ դպրոցներում մինչեւ սեպտեմբեր էլեկտրոնային կրթություն ներդնելու միջոցառումների ժամանակացույց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին