Կձեւավորվի ինքնուրույն բուհական համակարգ, ասել է նախարարը - Mediamax.am

7041 դիտում

Կձեւավորվի ինքնուրույն բուհական համակարգ, ասել է նախարարը


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի լրամշակման փուլում գտնվող նախագիծը:

«Առաջարկվող օրենքով փորձում ենք հնարավորինս բեռնաթափել կրթության եւ գիտության նախարարության դերակատարությունը եւ ունենալ առավել ազատ համալսարաններ եւ ինքնուրույն բուհական համակարգ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանի փոխանցմամբ՝ նոր մոտեցում է առաջարկվելու բուհերի պետական ավարտական քնությունների համակարգում:

 

«Ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան: Եթե կրեդիտային համակարգն է աշխատում, եւ ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտական քննությունը թեզի կամ դիպլոմայինի ձեւաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանվեն: Բուհերն իրենք պետք է ավարտական համակարգի իրենց մոդելն առաջարկեն»,- նշել է նախարարը:

 

Նոր օրինագծով առաջարկվում է վերանայել նաեւ համալսարանների ֆինանսավորման եղանակները:

 

«Հայաստանյան համալսարանները ունեն ֆինանսական երկու հիմնական աղբյուր` 20%` պետական բյուջեից, 80%՝ ուսանողների վարձավճարից: Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք` համալսարանական բյուջեների մեջ ուսման վարձերի մասնաբաժինը առավելագույնը 30%-ն է կազմում, մնացածը համալսարանը ստանում է կա՛մ իր գործունեության եւ մատուցած ծառայությունների շնորհիվ, կա՛մ տարբեր նվիրատվություններից: Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնամխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն եւ հնարավորություն կստեղծեն բուհերի զարգացման համար: Այստեղ շատ կարեւոր է բուհերի բյուջեների թափանցիկությունը»,- ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանի խոսքով` փորձ է արվել հիմնովին վերանայել նաեւ կառավարման համակարգը եւ այդ համատեքստում ամրագրվել է պահանջ՝ նոր օրենքով համալսարանների կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել պետական եւ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք:

 

Խորհուրդներում ընդգրկված անձիք չեն կարող ունենալ նաեւ կուսակցական պատկանելիություն:

 

Լեւոն Մկրտչյանի փոխացմամբ՝ խստացվել են նաեւ բովանդակային պահանջները, ըոտ որի՝ համալսարան կարող է կոչվել միայն այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է կրթական ծրագրեր առնվազն 4 ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին