Դիլիջանում կրթական նոր կլաստեր կստեղծվի - Mediamax.am

16264 դիտում

Դիլիջանում կրթական նոր կլաստեր կստեղծվի


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն լուրջ ներդրում ունեցող IDeA հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով Դիլիջանում ստեղծել կրթական նոր կլաստեր:

Այս մասին Լեւոն Մկրտչյանն ասել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին, որը, որպես խմբի ղեկավար, վարել է նախարարը:

 

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նոյեմբերի 29-ին ստեղծվել էր Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ:

 

Նախարարի խոսքով՝ կլաստերի այս գաղափարը դեռեւս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ այն ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաեւ՝ գիտության բաղադրիչը:

 

«Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն եւ  տարիների աշխատանք պահանջող: Այն մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել: Այժմ մեր խնդիրն է աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետեւ անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության նախարար՝ ես չափազանց հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,-ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Նախարարն ընդգծել է, որ երկրում գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ չգործեն, այլ նպաստեն պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը:

 

«Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են եւ իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,- նկատել է Լեւոն Մկրտչյանը:

 

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA եւ  Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն էլ նշել է, որ Հայաստանում իրենց կողմից իրականացվող կրթական բոլոր ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին:

 

«Այդ նպատակները շատ հավակնոտ են, եւ դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ տեղեկացնելով, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների եւ բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա:

 

Որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը եւ միջգերատեսչական հանձնախմբին կներկայացնի համապատասխան եզրակացություն նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին