ՀՀ բուհական համակարգում կձեւավորվեն անձեռնմխելի ֆոնդեր - Mediamax.am

4059 դիտում

ՀՀ բուհական համակարգում կձեւավորվեն անձեռնմխելի ֆոնդեր


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից:

Այս մասին նախարարն ասել է բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը նվիրված քննարկման ժամանակ:

 

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ բուհերի կառավարման համակարգում առկա խնդիրները քննարկելիս առաջացել է անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման գաղափարը:

 

«Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, ուսանողական տարածք կամ մեծ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը` ուսանողների ազատ շարժունությամբ, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությամբ»,- ասել է նախարարը:

 

Քննարկմանը նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձեւավորվում եւ համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաեւ ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում:

 

Ֆոնդի եկամտից ձեւավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը:

 

Տեղաբաշխման ուղղություններ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների դրամաշնորհային աջակցությունը, գիտական ծրագրերի ֆինանսավորումը, անվանական կրթաթոշակների հաստատումը եւ այլն:

 

Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խումբը կմշակի բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով այն բուհերի եւ բանկերի հետ, ու կներկայացնի ԿԳՆ-ի քննարկմանը: Վերջինս էլ ֆոնդերի ձեւավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերը կներկայացնի կառավարությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին