Կրթությունը չպետք է էլիտարացվի, ասել է նախագահը - Mediamax.am

6880 դիտում

Կրթությունը չպետք է էլիտարացվի, ասել է նախագահը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Արարատյան բակալավրիատն ու Դիլիջանում կրթական կլաստերի գաղափարը հանրակրթության ոլորտում ստեղծել են բավականին լավ մրցակցային իրավիճակ:

Այս մասին նախարարն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

Նախարարի խոսքով՝ եղած հիմքի վրա հնարավոր է ձեւավորել գերազանցության կենտրոններ:

 

«Հանրակրթության բարեփոխումները մի կողմից ուղղված են էլիտարության վերացմանը, որպեսզի այս գերազանցության կենտրոնները, ինչպես Դուք բազմիցս նշել եք, լինեն շոգեքարշ, որոնք ամբողջ համակարգը կտանեն իրենց ետեւից: Բնականաբար, այս աշխատանքների ընթացքում առաջանալու է բարձրագույն կրթության համալիր փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Այս տեսանկյունից նախարարն առանձնացրել է ավագ դպրոցի հիմնախնդիրը եւ բարձրագույն կրթությունից դեպի գիտություն եւ դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդիրը:

 

Անդրադառնալով նորարարական կրթական ծրագրերին՝ նախագահն ասել է, որ պետք է ավելացնել այդ կենտրոնների աշխարհագրությունը:

 

«Արարատյան բակալավրիատը փայլուն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ: Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել եւս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ուսուցիչների վերապատրաստումը:

 

«Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, ովքեր մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է եւ՛ վերաբերմունքի, եւ՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի: Կարծում եմ, որ պետք է տեսնենք մեր մարզերում որտեղ չկան այդպիսի որակյալ կրթական հաստատություններ, ջանքերն ուղղենք նաեւ ամեն մարզում այդպիսիք ունենալու նպատակին»,- նշել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանը հանձնարարել է ձեւավորել մասնագիտական խումբ եւ վեցամսյա ժամկետում ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները, որոնց իրագործումը «հնարավորություն կտա տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ աշխարհի բուհական քարտեզի վրա իրենց արժանի տեղն ունեցող կրթական հաստատություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին