Աստղի ծնվելու նոր բացառիկ կադրն ու Համբարձումյանի տեսությունը - Mediamax.am

13413 դիտում

Աստղի ծնվելու նոր բացառիկ կադրն ու Համբարձումյանի տեսությունը


Լուսանկարը` https://www.nasa.gov


NASA-ի Հաբլ աստղադիտակը բացառիկ պահ է ֆիքսել՝ Արեգակի զանգվածի հետ համեմատելի «թեթեւ քաշային» աստղի պայթյունից նոր աստղի ծնվելու մեկնարկը:

NASA/ESA-ի աստղադիտակը որսացել է աստղի «կարմիր հսկա» վիճակից մոլորակային միգամածության փոխակերպվելու գերարագ ընթացքը, որի ժամանակ աստղն իր գազի եւ «փոշու» արտաքին շերտերը արտանետել է շրջակա տարածություն: 

 

Անջատված նյութն արտանետվել է հսկայական արագությամբ` հակադիր ուղղություններով. նկարում դեղինով պատկերված գազը շարժվում է ժամում շուրջ 1 մլն կիլոմետր արագությամբ:

 

Աստղագետները հազվադեպ են նկարում աստղն իր էվոլյուցիայի այդ փուլում, քանի որ, ինչպես իրենք են ասում, դա տեղի է ունենում աչքի մեկ թարթման ընթացքում: Ակնկալվում է, որ հաջորդ հազարամյակում այն կվերածվի լիարժեք մոլորակային միգամածության:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ աստղի ձեւավորման վաղ փուլն առաջին անգամ ձեւակերպել է հայ աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ով համարվում է տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը եւ որի տեսությունն ընդունում էր անհայտ բնույթի զանգվածային մարմինների՝ նախաստղերի գոյությունը, որոնց պայթյունից ծնվում են նոր աստղեր։

 

Ի տարբերություն դասական տեսության, որը պնդում է, որ աստղերը առաջանում են նոսր միջավայրից` ցրված նյութի խտացման միջոցով, Վիկտոր Համբարձումյանի կամ Բյուրականյան տեսությունը պնդում է, որ ավելի խիտ նյութից առաջացող պայթյուններից առաջանում են միգամածություններ եւ այնուհետև ձեւավորվում աստղեր:

 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ բազմաթիվ անգամներ դիտվող պայթյունների երեւույթները Համբարձումյանի տեսության օգտին են վկայում:

 

«Հետաքրքիր է, որ դասական տեսությունը շատ մանրակրկիտ մշակված է աշխարհի լավագույն տեսաբանների կողմից, դրա համար էլ մեծամասամբ դա են ընդունում: Համբարձումյանի տեսությունը մի քիչ ավելի վարկածի կարգավիճակով է մնացել: Այդ պատճառով, մի քիչ դժվար է մրցակցությանը դիմադրել: Մյուս կողմից էլ` մենք տիեզերքում բազմաթիվ պայթյուններ, ընդարձակման երեւույթներ ենք դիտում, բայց ոչ խտացման: Ընդ որում, երբ նկարագրվում է, թե անմիջապես աստղի ծնունդ է դիտվել, դա շատ պայմանական է ասված, քանի որ այդ պրոցեսը կատարվում է հարյուր հազարավոր տարիների ընթացքում: Պարզապես համադրելով տարբեր լուսանկարներ, դիտումներ` կարելի է ներկայացնել, թե ինչպես է աստղի ձեւավորման պրոցեսն ընթանում»,- ասել է Արեգ Միքայելյանը:

 

Անդրադառնալով NASA-ի ֆիքսած բացառիկ կադրին, Արեգ Միքայելյանը նկատել է, որ նոր աստղի ձեւավորման ընթացքի գագաթնակետը (այլ կերպ՝ պայթյունը), երբ այն ամենամեծ պայծառության է հասնում, կարճատեւ է, եւ այդ պահը դիտելը, իսկապես, հազվագյուտ է: 

 

«Մենք չենք կարողանում կանխագուշակել, թե տվյալ աստղը երբ կպայթի, սովորաբար արդեն պայթելուց հետո միայն տեսնում ենք, որ պայծառությունը հազարավոր անգամ ավելացել է եւ հասկանում ենք, որ գերնոր աստղի երեւույթ է դիտվում, իսկ երբեմն` առավելագույն փուլն արդեն անցած է լինում: Որպես կանոն, այդ երեւույթը տեսանելի լույսի ինտենսիվության մեծացումից բացի նաեւ զուգակցվում է մեծ քանակությամբ կարճալիք բարձր էներգետիկ ճառագայթմամբ, որը եւս վկայում է, որ այդպիսի պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է Արեգ Միքայելյանը:

 

2016թ.-ի մարտին NASA-ն հրապարակել էր իր մեկ այլ`«Կեպլեր» դիտակի արձանագրած կադրերը, որոնցում առաջին անգամ երեւում էր պայթող աստղի երեւույթը օպտիկական (տեսանելի լույսի) տիրույթում:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին