Հայաստանը կարեւորում է կրթական համակարգում Լիտվայի օրինակը - Mediamax.am

9255 դիտում

Հայաստանը կարեւորում է կրթական համակարգում Լիտվայի օրինակը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ անկախացումից հետո Հայաստանի եւ Լիտվայի համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել:

Նախարարն այս մասին նշել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը:

 

«Կրթության համակարգում մշտապես զգացել ենք Լիտվայի աջակցությունը, կրթական նոր համակարգի անցման ճանապարհին մեզ համար կարեւորվել են Լիտվայի եւ Ֆինլանդիայի օրինակները, իսկ Բոլոնիայի գործընթացին մեր երկու երկրները գրեթե միաժամանակ են միացել»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Դեսպանն էլ ընդգծել է, որ Հայաստանում իր գործունեության տարիներին ջանքեր չի խնայել կրթության համակարգում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար:

 

Էրիկաս Պետրիկասը կարեւորել է Հայաստանի ավարտական դասարանների աշակերտների համար Լիտվայի LCC միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթը: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուղեւորվել Լիտվա՝ մասնակցելու LCC համալսարանի եզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում՝ մեկ կիսամյակ սովորելու այդ համալսարանում:

 

Լեւոն Մկրտչյանը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցի լիիրավ անդամ է, եւ այս համատեքստում առաջարկել է վերականգնել գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը՝ շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին