Մաթեմատիկա՝ սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ - Mediamax.am

12096 դիտում

Մաթեմատիկա՝ սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ


Ֆրենսիս Սուն
Ֆրենսիս Սուն

Լուսանկարը` Mark Skovorodko for Quanta Magazine


Հին հույները պնդում էին, որ լավագույն կյանքը լի է գեղեցկությամբ, ճշմարտությամբ, արդարությամբ, շարժումով եւ սիրով: Մաթեմատիկոս Ֆրենսիս Սուն գիտի` որտեղ գտնել այդ ամենը: Ծագումով չինացի Ֆրենսիսը կարծում է, որ մաթեմատիկան մարդկության զարգացման շարժիչն է, եւ ամեն մարդ պետք է հնարավորություն ունենա դրան մասնակցելու:

 

Պրոֆեսոր Ֆրենսիս Սուն երկու տարի ղեկավարել է Ամերիկայի Մաթեմատիկական ասոցիացիան (MAA), դասավանդում է Harvey Mudd քոլեջում, բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Haimo (որպես մաթեմատիկայի ականավոր ուսուցիչ):

 

QUANTA ամսագրին տված հարցազրույցում նա ասել է. «Եթե ուզում ես լավագույն կյանքով ապրել, զբաղվիր մաթեմատիկայով»:

 

Մեդիամաքսը թարգմանաբար ներկայացնում է հատվածներ Ֆրենսիս Սուի` QUANTA ամսագրին տված հարցազրույցից:

 

Ինչպե՞ս է մաթեմատիկան խթանում մարդկության զարգացումը

 

Մաթեմատիկան զարգացնում է հմտություններ, որոնք թույլ են տալիս մարդկանց այնպիսի բաներ անել, որ նախկինում չեն կարողացել կամ փորձ չեն ունեցել: Եթե ես սովորեմ մաթեմատիկա, ավելի լավ մտածող կդառնամ, կզարգացնեմ հաստատակամությունը եւ լավատեսությունը, որ կլուծեմ ցանկացած խնդիր, քանի որ գիտեմ, թե ինչ է բարդ խնդիրների հետ պայքարը: Որոշ մարդիկ անսահման հրաշք են ապրում, երբ Տիեզերքի մասին ինչ-որ ճշմարիտ բաներ են տեսնում, հասկանում: Ահա սա է ուրախության ու զարգացման աղբյուրը:

 

Երբ խոսում ենք մաթեմատիկա ուսուցանելու մասին, երբեմն մոռանում ենք այն առաքինությունները, որոնք ձգտում ենք զարգացնել մեր ուսանողների մեջ: Մաթեմատիկա սովորեցնելը չպետք է լինի սոսկ կրթական ծրագիրն ուղարկելը եւ փաստերի կույտ սովորեցնելը. դա մաթեմատիկայով զբաղվելու եւ առհասարակ մաթեմատիկայի մասին շատ նեղ պատկերացում է: Իսկ ի՞նչ ենք մենք իրականում անում, վարժեցնում ենք մտքի սովորությունները, եւ դրանք թույլ են տալիս մարդկանց զարգանալ` անկախ այն բանից, թե ինչ մասնագիտությամբ են շարունակում:

 

Սոցիալական խոչընդոտներ եւ կրթական խնդիրներ

 

Մենք ունենք պատկերը, թե ով իսկապես կարող է հաջողության հասնել մաթեմատիկայում, բայց այդ պատկերի միայն մի մասն է ձեւավորված, քանի որ մաթեմատիկայում մեր ունեցած օրինակները միայն այն մարդիկ են, ովքեր պատկանում են կոնկրետ սոցիալական շերտերի: Մենք սովոր չենք  քոլեջներում տեսնել ցածր սոցիալական շերտերի ներկայացուցիչ երեխաների: Ի՞նչ եմ ես փորձում ասել: Եթե մենք տաղանդեր ենք որոնում, ինչո՞ւ ենք ընտրություն կատարում ըստ սոցիալական շերտի: Եթե մենք ցանկանում ենք մաթեմատիկա գիտության մեջ տեսնել մարդկանց բազմազան խումբ, ապա պետք է ուշադրության կենտրոնում պահենք կառուցվածքային խոչընդոտները, որոնք խանգարում են ցածր խավերից եկած երեխաներին հաջողության հասնել մաթեմատիկայում:     

 

Դասավանդելով հումանիտար փոքր քոլեջում

 

Երբ ավարտեցի Հարվարդի համալսարանը, հասկացա, որ սիրում եմ ուսուցանել ու հիշեցի քոլեջի պրոֆեսորներից մեկի խոսքերը, որ հումանիտար փոքրիկ քոլեջներում դասավանդելն ավելի լավ է: Ես հետաքրքրված էի գիտահետազոտական ուղղություններով, բայց ինձ նաեւ գրավում էր ազատական արվեստի միջավայրը: Որոշեցի գնալ այդ ուղղությամբ. չէի կարող ինձ ուրիշ տեղ տեսնել: Այստեղ մեծ անդունդ կա, եւ հետազոտական ուսումնական հաստատություններն ինչ-որ առումով գերիշխող են, մենք` պրոֆեսորներս, չգիտենք, թե ինչ է կատարվում հումանիտարներում:

 

Ես կարծում եմ, որ հետազոտական համալսարանների դասախոսները հաճախ չեն գիտակցում, որ հումանիտար համալսարաններում շատ պայծառ երեխաներ կան, այսպիսով` բացառվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին հաջողել մաթեմատիկայում:     

 

Ինչպե՞ս գրավել մարդկանց

 

Մաթեմատիկայով զբաղվող մարդկանց հերքելը համարժեք է մարդկության զարգացումը հերքելուն: Անկախ այն բանից` մարդը կդառնա մաթեմատիկոս, թե ոչ, մաթեմատիկան կարող է լայն առումով իր ներդրումն ունենալ մարդու կյանքում: Նպատակն ավելի լայն է, քան հնարավորինս մեծ քանակով մարդկանց գրավելը: Հաղորդակցվեք մարդկանց հետ խորը մակարդակում եւ դուք կկարողանանք նրանց ուշադրությունն ուղղել դեպի մաթեմատիկա: Նրանց մեծ մասը կզբաղվի մաթեմատիկայով, եւ դա պարտադիր տեղի կունենա, եթե ներարկեք խորը ցանկություններ, ինչպիսիք են` սերը, ճշմարտությունը, գեղեցկությունը, շարժումը, արդարությունը:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին