«Էրազմուս+»-ի փորձագետները կաջակցեն ԿԳՆ բարեփոխումներին - Mediamax.am

5531 դիտում

«Էրազմուս+»-ի փորձագետները կաջակցեն ԿԳՆ բարեփոխումներին


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր հորդորել է «Էրազմուս+» ծրագրի փորձագետներին գործուն աջակցություն ցուցաբերել ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների մշակման գործին:

«Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի եւ ծրագրի փորձագետների հետ հանդիպմանը նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ԿԳՆ-ն պետք է ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները:

 

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով ոլորտում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:

 

«Օրենքի դրույթների իրագործումը եւ, առհասարակ, բարձագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունները  հնարավորություն կտան տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ մրցունակ կրթական հաստատություններ»,- ասել է նախարարը:

 

ԿԳՆ ղեկավարը կարեւորել է «Էրազմուս+» փորձագիտական խմբի փորձը մասնավորապես ուսանողների շարժունության ապահովման առումով:

 

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ուսանողների շարժունության, դասախոսների համագործակցության առումով շատ ավելի մեծ ձեռքբերում ունենք Հայաստանից դուրս հարաբերություններում, քան Հայաստանի ներսում եղած բուհերի միջեւ: Այժմ մենք ցանցային համալսարանների աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտել մեկ բարձրագույն կրթության կլաստեր, որովհետեւ ունենք ընդամենը 87 000 ուսանող, եւ եթե սա դիտենք մի ամբողջության մեջ, հնարավորությունները շատ ճիշտ կօգտագործենք: «Էրազմուս+»-ը դա է փաստում»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Լանա Կառլովան էլ նշել է, որ փորձագիտական խումբը պատրաստակամ է իր ամբողջ գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին