Հայաստանը պետք է դառնա կրթություն արտահանող երկիր - Mediamax.am

5003 դիտում

Հայաստանը պետք է դառնա կրթություն արտահանող երկիր


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ասել է, որ Արարատյան բակալավրիատը նախարարության ամենակարեւոր աշխարհայացքային նշանակության փոփոխություններից է։

Այս մասին նա ասել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։

 

«Գերազանցության կենտրոնները պետք է ունենան շոգեքարշի դեր»,- ասել է  նախարարը` հավելելով, որ այդ կենտրոնները հանրակրթական դպրոցներին հնարավորություն են տալիս որոշակի շրջափուլ անցնելով՝ մոտենալ բարձր որակական աստիճանի։

 

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրին մասնակցելու համար այս փուլում ընտրվել է մարզային 54 դպրոց։

 

«Հիմա ծրագրի մեկնարկին ենք. ունենք առարկայական նկարագիր, առաջին վերապատրաստված ուսուցչական կազմ, բայց ավելի խորքային ռեֆորմի խնդիր ունենք։ Նաեւ պետք է արհեստականորեն չշտապեցնել համակարգը»,- ասել է նախարարը։

 

Կրթության գերազանցության ազգային ծրագրի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մանուկյանն էլ նշել է, որ ծրագրի նպատակը Հայաստանը կրթություն արտահանող եւ կրթությամբ միջազգայնորեն առաջատար պետություն դարձնելն է։

 

«Դպրոցների ընտրության համար սահմանվել են հետեւյալ նախապայմանները` դպրոցը պետք է տեղակայված լինի ՀՀ մարզերում եւ այն պետք է լինի միջնակարգ եւ ավագ դպրոց, վարժարան եւ կրթահամալիր: Մրցույթին չեն կարող մասնակցել հատուկ կամ մասնագիտացված դպրոցները։ Միեւնույն մարզի միանման դպրոցների դիմելու դեպքում նախընտրությունը կտրվի այն դպրոցին, որն ունի նշանակալի աշակերտական եւ ուսուցչական ձեռքբերումներ վերջին երեք տարիների ընթացքում, ակտիվ դերակատարություն համայնքային կյանքում, ավելի մեծ թվով աշակերտներ»,- ասել է Նարեկ Մանուկյանը։

 

Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին