Հայաստանը մինչեւ 2025-ը կանցնի համընդհանուր ներառական կրթության - Mediamax.am

5475 դիտում

Հայաստանը մինչեւ 2025-ը կանցնի համընդհանուր ներառական կրթության


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է:

Այս մասին նախարարն ասել է Human Rights Watch կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

«Տարիներ առաջ, երբ ընդամենը ներառական կրթության գաղափարախոսությունը մուտք գործեց Հայաստան, հասարակությունը խիստ բացասական ընդունեց` համարելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միեւնույն դպրոցում կրթություն ստանալը հոգեբանորեն կազդի մյուս երեխաների վրա: Տարիներ անց հասարակության մոտ այդ առումով լուրջ դրական տեղաշարժեր արդեն առկա են»,-ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանը տեղեկացնել է, որ մինչեւ 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության:

 

«Ցանկացած փոքրամասնության` սկսած սիրիահայ երեխաներից մինչեւ առանձնահատուկ կարողություններով օժտված երեխաների կրթության ապահովում` ներառական կրթության շրջանակում պետք է իրականացվի, հետեւաբար կարծում ենք, որ բարեփոխումներ իրականացնելիս ներառականության գաղափարախոսությանը պետք է մոտենալ ամբողջության մեջ եւ ժամկետների առումով շտապողականություն չցուցաբերել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում ներառական կրթության, իսկ 2017-ից պետական բյուջեում ընդգրկվել է  ուսուցչի օգնական հաստիքը:

 

Ջեյն Բյուքենենն էլ տեղեկացրել է, որ Երեւան այցի նպատակներից մեկը Հայաստանում որակյալ ներառական կրթության մատչելիության վերաբերյալ հաշվետվության հրապարակումն է:

 

Human Rights Watch-ի փոխտնօրենը մտահոգություն է հայտնել, որ հատկապես մարզերում ծնողների մի մասը խուսափում է երեխաներին ուղարկել ներառական կրթությամբ դպրոցներ` ուսուցումը կազմակերպելով տնային պայմաններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին