Երեւան: Մեդիամաքս: Կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները կստեղծեն աշխատանքային խումբ, որը միասնական մեխանիզմներ կառաջարկի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում:
Համապատասխան առաջարկն այսօր քննարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների եւ USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպմանը:
Վերոնշյալ կազմակերպություններն ուսումնասիրել են կոռուպցիոն ռիսկերը ՀՀ կրթական համակարգում:
Ներկայացնելով «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները՝ «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կատարվել է որակական ուսումնասիրություն թիրախային 3 ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն եւ դասագրքերի հրատարակություն:
Նա ողջունել է այն հանգամանքը, որ մինչ հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը` ՀՀ ԿԳՆ-ում նմանատիպ քննարկում է կազմակերպվել, ինչը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել վերհանված խնդիրները եւ առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:
Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ՀԿ-ների բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության ոլորտում որակական նոր մակարդակի ապահովմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: