ԵՊՀ-ն մասնակցել է Study World-2017 ցուցահանդեսին - Mediamax.am

14449 դիտում

ԵՊՀ-ն մասնակցել է Study World-2017 ցուցահանդեսին


Լուսանկարը` Երեւանի պետական համալսարան


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 12-13-ին Բեռլինում կայացել է Study World ամենամյա ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ ներկայացված էր նաեւ Հայաստանի տաղավարը:

Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության աջակցությամբ տեղի ունեցող Study World 12-րդ միջազգային կրթական ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 30 երկրների ավելի քան 150 համալսարաններ եւ կրթական կազմակերպություններ:

 

Ցուցահանդեսում ԵՊՀ-ն ներկայացնող պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշել է, որ Երեւանի պետական համալսարանը հիմնականում շեշտադրում է գրավիչ մի շարք հանգամանքներ՝ արտերկրացիների համար ապահով եւ հյուրընկալ միջավայրը, համեմատաբար մատչելի ծախսերը, մշակութային առանձնահատկությունները, գիտական մի շարք ուղղություններով ձեռքբերումներն ու հետազոտական ներուժը: Առանձնահատուկ շեշտադրվում է հայագիտությունը:

 

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են տարբեր երկրում կրթություն ստանալու հնարավորությունները՝ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցում, դոկտորական ծրագրեր, մեկ կիսամյակով ուսանողների փոխանակում, ինտերնշիփեր, ամառային դպրոցներ, լեզվի ուսուցում եւ այլն: Կայացել են ավելի քան 60 սեմինարներ եւ աշխատանքային քննարկումներ, որոնք գործնական միջավայր են ստեղծում համալսարանների միջազգային կապերի եւ գործակցության ընդլայնման համար:

 

ԵՊՀ-ից բացի ցուցահանդեսին Հայաստանի բուհերից մասնակցել են նաեւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը: Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը մեծապես աջակցել են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունն ու գերմանական «DAAD» ակադեմիական փոխանակումների կազմակերպությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին