Քեմբրիջում բարձր են գնահատում «Արարատյան բակալավրիատը» - Mediamax.am

28001 դիտում

Քեմբրիջում բարձր են գնահատում «Արարատյան բակալավրիատը»


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն Բռեյն այսօր ասել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը կարճ ժամանակահատվածում միջազգային ճանաչում է ստացել եւ արձանագրել տպավորիչ արդյունք՝ մեծ ուշադրություն դարձնելով կրթության որակին:

Այս մասին Դեն Բռեյն ասել է Երեւանում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի հետ հանդիպմանը:

 

«Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրենն ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատի քննական համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին:

 

«Այս համատեքստում կարեւորվում է քննությունների անցկացման հավաստիությունը, վստահելիությունը եւ արդարությունը: Քեմբրիջի համալսարանին հարյուր հիսուն տարի է պահանջվել՝ քննությունների գնահատման համապատասխան համակարգ ստեղծելու համար. Արարատյան բակալավրիատին հաջողվել է Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ մեկ տարում հասնել բարձր որակի: Այս ծրագրի շրջանակում գնահատական ստանալը նույնքան բարդ է, որքան միջազգային այլ բարձրորակ քննական որակավորումներում»,- նշել է Դեն Բռեյը:

 

Նա հավելել է, որ կրթական բարեփոխումների իրականացման ժամկետները պետք է համադրելի լինեն դրանց որակի հետ:

 

Դավիթ Սահակյանն էլ ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատը ներդնելով որպես Գերազանցության ծրագիր՝ պետությունը նպատակ է հետապնդում այն տարածել եւ հասանելի դարձնել բոլոր հայ դպրոցականներին:

 

Արարատյան բակալավրիատ ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՆ-ն եւ «Այբ» կրթական հիմնադրամը` համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ:

 

«Արարատյան բակալավրիատ»-ի շուրջ Մեդիամաքսի զրույցը Դավիթ Սահակյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին