Արարատյան բակալավրիատի ուսուցիչների զարգացման ծրագիրը մեկնարկել է - Mediamax.am

32816 դիտում

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների զարգացման ծրագիրը մեկնարկել է


Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Արարատյան բակալավրիատ»-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավաստագրման ծրագիրը, որի առաջին փուլին կմասնակցի ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի 110 ուսուցիչ։

Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ (Institute of Education, University College London), եւ անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում:

 

«Երբ վերլուծում ենք աշխարհի լավագույն կրթական համակարգերը, տեսնում ու բացահայտում ենք մեկ կարեւոր փաստ, այն է՝ ինչպիսի ուսուցիչ ունես, այդպիսին էլ քո կրթությունն է, քանի որ ուսուցիչը առանցքային դերակատարություն ունի կրթական գործընթացում։ Մենք բոլորս սովորում ենք։ Եվ վստահաբար այն ուսուցիչը, որը դադարում է սովորելուց, դադարում է ուսուցիչ լինելուց, իսկ սովորելը շատ լուրջ, ինքնակատարելագործման արվեստ է։ Եվ մենք այսօր սկսում ենք այդպիսի գործընթաց»,- ասել է ԿԳԱԾ-ի տնօրեն Տեր Մեսրոպ քհն․ Արամյանը:

 

ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանն էլ շեշտադրել է ծրագրի ռազմավարական կարեւորությունը պետության տեսանկյունից։

 

«Կրթական բարեփոխումները թերեւս ամենադժվար տրվող բարեփոխումներն են, քանի որ մենք գործ ունենք մարդկանց հետ։ Մենք չենք կարող կրթության մեջ հրամանով իջեցնել, թե երեխաները կամ ուսուցիչներն ինչպես պետք է իրենց պահեն։ Մեր կրթական համակարգում մենք այսօր ունենք մոտ 1400 տնօրեն, 370 000-ից ավելի աշակերտ, 37 000-ից ավելի ուսուցիչ եւ 500 000-ից ավել ծնող։ Եվ այս ամենի մեջ կա երկու խումբ, որոնք առաջնային են բարեփոխումների գործողությունների մեջ. դրանք տնօրեններն են եւ դպրոցի ուսուցիչները՝ այն մարդիկ, որոնք այս փոփոխությունները կյանքի են կոչում»,- ասել է Դավիթ Սահակյանը։

 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը իր հերթին խոսել է միության՝ ծրագրին ցուցաբերած աջակցության մասին։

 

«Այն ներուժը, որ ստեղծվում է այստեղ՝ Հայաստանում, «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շնորհիվ, պետք է շատ հեռու գնա, դուրս գա ձեր դպրոցների, գյուղերի ու քաղաքների սահմաններից եւ հասնի մեր սփյուռքի կրթօջախներին, որպեսզի այնտեղի հայ երիտասարդներն էլ, ովքեր ցանկանում են լավ կրթություն ստանալ, գնան Արարատյան բակալավրիատի դպրոց, որտեղ կստանան համաշխարհային մակարդակով ճանաչված հայալեզու կրթություն՝ հիմնված հայկական արժեքների վրա»,- ասել է նա։

 

Ծրագրի մեկնարկին ներկա է եղել նաեւ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ավագ մասնագետ Յացեկ Բրանտը:

 

«Խոր ուսումնառությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշակերտները փոխում են իրենց մտածողությունը։ Այս առումով ուսուցիչները ոչնչով չեն տարբերվում։ Մենք ուզում ենք, որ դուք ինքներդ սկսեք պատկերացնել, թե ինչ է գերազանց դասավանդումը, եւ առանցքային դեր խաղաք ձեր դպրոցներում ուսումնառության որակի բարելավման գործում»,- ասել է միջազգային փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին