Ներկայացվել են դպրոցների 2016թ. վարկանշավորման արդյունքները - Mediamax.am

29994 դիտում

Ներկայացվել են դպրոցների 2016թ. վարկանշավորման արդյունքները


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016թ. վարկանշավորման արդյունքների համաձայն՝ կրթական ձեռքբերումները կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ուսուցիչների կրթությունը, տարիքը, նախընտրությունները:

ԿԳՆ հաղորդագրության համաձայն՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ այս հանգամանքը բազմիցս ապացուցվել է միջազգային TIMSS, PIRLS, PISA հետազոտություններով:

 

Նրա խոսքով՝ վարկանշավորման նպատակը դպրոցների թույլ եւ ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է:

 

«Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշների վերլուծությունը, որպեսզի դպրոցներն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները եւ պլանավորել, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,- ասել է Արտակ Պողոսյանը:

 

Վերլուծության ծածկույթը ներառել է 1379 դպրոցի, 34 991 ուսուցչի եւ 352 416 աշակերտի տվյալ: Աշակերտների արդյունքի վրա միջավայրային ազդեցության գործոնները սահմանվել են ուսուցիչների բնութագրիչներով, մասնավորապես՝ կրթական աստիճանով եւ տարակարգի առկայությամբ: Որոշ վերապահումներով՝ աշակերտների կրթական արդյունք է համարվել նաեւ օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը:

 

ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է նաեւ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որը ներառում է դպրոցների եւ մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը եւ նախատեսում է 2018թ. ներառել նաեւ նախադպրոցական ոլորտը։

 

Համակարգը հնարավորություն է տալիս բացառել սովորողի կրկնակի հաշվառումը հանրակրթությունում, աշակերտի՝ կրթությունից դուրս մնալու վտանգը կրթության բոլոր մակարդակներում։ Բացի այդ, հաշվետվությունները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համար հնարավորություն են ստեղծում ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։ Համակարգը հնարավորություն է տալիս նաեւ յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծել տարիֆիկացիոն մատյան, որը հասանելի կլինի ՀՀ մարզպետարանների համար։ Համակարգի ելքային արդյունքերից են նաեւ ՀՀ դպրոցների անվտանգության եւ անձնագրերի էլեկտրոնային քարտեզները։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին