ԿԳՆ-ում քննարկվել է Կայուն զարգացման նպատակների ազգայնացումը - Mediamax.am

35328 դիտում

ԿԳՆ-ում քննարկվել է Կայուն զարգացման նպատակների ազգայնացումը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում քննարկվել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակներից չորրորդը, որը վերաբերում է ներառական եւ բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը եւ ամբողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը:

 

ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ ներկայում մշակվող Կրթության զարգացման պետական ծրագիրն ուղղված է վերոնշյալ քաղաքականության իրականացմանը:

 

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ կրթության բյուջեն սահմանափակ է, եւ ուսհաստատությունների զարգացման նպատակով ԿԳՆ-ն ակտիվ համագործակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում Սփյուռքի ներուժը, ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը:

 

«Մեզ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր համայնքում ունենալ դպրոց, այլ խնդիր է` հանրակրթության որ աստիճանի: Գործող ֆինանսավորման բանաձեւի պարագայում` այսօր շատ գյուղական դպրոցներ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ներկայում քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը եւ ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,- նշել է Դավիթ Սահակյանը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն էլ նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մի շարք ուղղություններով գրանցել է մեծ հաջողություն:

 

«Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: Այն նաեւ հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման ու մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է Տանյա Ռադոչայը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին