Դպրոցների թիվը կկրճատվի - Mediamax.am

31682 դիտում

Դպրոցների թիվը կկրճատվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան:Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերակազմակերպել մի շարք դպրոցներ:

Մասնավորապես, Երեւանի Շ. Ռուսթավելու անվան N23 հիմնական դպրոցը կմիանա Մ. Իշխանի անվան N5 հիմնական դպրոցին, Գրիբոյեդովի անվան N41 հիմնական դպրոցը՝ Խրիմյան Հայրիկի անվան N10 հիմնական դպրոցին, N81 միջնակարգ դպրոցը՝ Վ. Վաղարշյանի անվան N80 հիմնական դպրոցին:

 

Միաժամանակ, Երեւանի N99 հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ:

 

Վ. Դավթյանի անվան N149 ավագ դպրոցը կմիացվի Մ. Քաջունու անվան N54 ավագ դպրոցին, Գ. Զոհրապի անվան N43 ավագ դպրոցը՝ Ա. Իսահակյանի անվան N16 ավագ դպրոցին:

 

Արթիկի N7 ավագ դպրոցը կմիանա Արթիկի N3 ավագ դպրոցին:

 

Երեւանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը կմիանա Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին:

 

Գյումրու N23 հիմնական դպրոցն ու Գյումրու N42 ավագ դպրոցը կմիաձուլվեն՝ դառնալով Գյումրու N23 միջնակարգ դպրոց:

 

Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը կմիանա Վահան Թեքեյանի անվան Գյումրու N2 ավագ դպրոցին:

 

Տավուշի մարզի Բերդի վարժարանը կմիանա Բերդի ավագ դպրոցին, Վայքի վարժարանը՝ Վայքի ավագ դպրոցին, Եղեգնաձորի վարժարանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոցին, իսկ Փարաքարի հիմնական դպրոցը՝ Փարաքարի միջնակարգ դպրոցին:

 

Որոշման նպատակն է դպրոցների թվաքանակի կրճատումն ու դրանց գործունեության օպտիմալացումը, որի արդյունքում կապահովվի արդյունավետության բարձրացում եւ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում:

 

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք մի աշակերտի համար ծախսի շատ մեծ տատանում: Պարզվել է նաեւ, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ ջեռուցման եւ այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլեւ որակյալ կրթության ապահովումը»,- ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հայտնել է, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները օգտագործվելու են հիմնականում կրթագիտական նպատակների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին