Լույս է տեսել «Գրաբարի շտեմարան» ժողովածուն - Mediamax.am

26382 դիտում

Լույս է տեսել «Գրաբարի շտեմարան» ժողովածուն


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Գրաբարի շտեմարան» ժողովածուի շնորհանդեսը:

ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ գիրքը տպագրվել է Երեւանի ավագ եւ հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում:

 

«Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն եւ հայագիտություն: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաեւ լեզվի ներկա  փուլի դասավանդումը»,- նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

 

Նախարարի խոսքով՝ ԿԳն-ն կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես՝ ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ:

 

«Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի նաեւ միջնադարագիտությունը: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ երիտասարդ գիտնականները հետաքրքրություն չեն ցուցաբերում միջնադարյան ժառանգության նկատմամբ, որովհետեւ նախ այդ ասպարեզը պահանջում է բազային ավելի լուրջ գիտելիքներ, բացի այդ առկա է նաեւ մոտիվացիայի պակաս»,- նշել է ԿԳ նախարարը:

 

ԼեւոնՄկրտչյանը հավելել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել, այն կամընտրական ձեւով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում՝ այն աշակերտների համար, որոնք հին հայերենը սովորելու ցանկություն ունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին