Նոր նախաձեռնությունը կփոխի ուսուցչի դերն ու սոցիալական վիճակը - Mediamax.am

29034 դիտում

Նոր նախաձեռնությունը կփոխի ուսուցչի դերն ու սոցիալական վիճակը


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության Լեւոն Մկրտչյանն այսօր նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը:

Նախարարի խոսքով՝ պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ապահովել երկու հարթությունում՝ նրան արժեւորելով  որպես մասնագետ եւ հասարակության ամենաակտիվ եւ նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը եւ ապրելաձեւը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել:

 

«Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքը մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ»,- նշել է նախարարը։

 

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ ուսուցչական անձնակազմի սոցիալական վիճակն այսօր մտահոգիչ է եւ պետությունը պետք է այս հարցին մոտեցում ցուցաբերի եւ համապարփակ փոփոխություն իրականացնի:

 

««Ուսուցիչ» ծրագրի մեջ երեք կարեւոր կոմպոնենտ եմ առանձնացնում. առաջին կարեւոր փուլը դպրոցի կառավարման համակարգի փոփոխություններն են՝ սկսած  կառավարման խորհուրդների  ձեւավորումից, վերջացրած տնօրենի եւ ուսուցչի ընտրություններ:

 

Մյուս կարեւոր խնդիրը վերապատրաստումների հատվածի վերանայումն ու դասագրքաստեղծ նոր մոտեցումների ներդնումն է: Այս հարցի կարգավորումը մենք պատկերացնում ենք Կրթության ազգային ինստիտուտի արմատական բարեփոխումների համատեքստում, որտեղ պատկերացնում ենք նաեւ առարկայական ծրագրերի եւ կրթական չափորոշիչների վերանայումն ու առարկայախմբերի հավասարակշռումը: Մենք գտնում ենք, որ առարկայական ծրագրերն ու դասացուցակները պետք է բեռնաթափվեն, մյուս կողմից` ուժեղացվի բնագիտական ուղղվածությունն ու լեզուների ուսուցումը, իսկ առարկայախմբերի դասավանդումն ապահովվի ժամանակակից չափանիշներով:

 

Երրորդ եւ ամենակարեւոր կոմպոնոնենտը սոցիալականն է. հանրակրթության ոլորտում մենք ունենք տղամարդ ուսուցիչների համարյա իսպառ բացակայություն, երիտասարդ մասնագետների համակարգ մտնելու մոտիվացիայի բացակայություն, ցածր վարձատրություն»,- ասել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանի փոխանցմամբ՝ կրթական համակարգում պետք է որոշակի արդարություն հաստատվի։

 

«Խոսքը նախեւառաջ հավասար հնարավորությունների եւ իրավունքների մասին է: Նույն ծանրաբեռնվածությամբ եւ նույն մասնագիտությամբ ուսուցիչները չեն կարող տարբեր աշխատավարձ ստանալ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտների թիվը շատ է, մեկ այլ տեղ՝ քիչ: Հետեւաբար, կարիք կա արմատապես փոխել ֆինանսավորման բանաձեւը, որով կոնկրետ կգնահատենք մեկ դրույք բազային արժեքը»,-ասել է նա:

 

Խոսելով՝ ուսուցչին տրամադրվող սոցիալական ապահովագրության մասին, նախարարը նշել է, որ այսօր դիտարկվում է ճկուն սոցիալական փաթեթի ստեղծումը՝ որով կխրախուսվեն երիտասարդ ուսուցիչները, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու հնարավորություններ կընձեռվեն եւ այլն։

 

Լեւոն Մկրտչյանը կոչ է արել ԿԳՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են նպաստել ծրագրի բարելավմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին