Նախարարը պարզաբանել է ռուսերենի զարգացման հայեցակարգը - Mediamax.am

32652 դիտում

Նախարարը պարզաբանել է ռուսերենի զարգացման հայեցակարգը


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ օտար լեզուների, այդ թվում՝ ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես՝ բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով:

Այս մասին նախարարը նշել է Հանրային խորհրդում՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի քննարկման շրջանակում:

 

«ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, եւ բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որեւէ ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է: Երբ անցյալ տարի ուսումնասիրեցինք բուհական կրթության մասնագիտական պատկերը՝ պարզվեց, որ բարձրագույն կրթությունը խիստ հումանիտարացված է»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ բնական գիտությունների պահանջարկի բարձրացումը պետք է դպրոցներից սկսել, որտեղից էլ առաջ է եկել օտար լեզուների հայեցակարգի խնդիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտական ուղղությունների զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է օտար լեզուներով:

 

«Բոլոր միջազգային եւ տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել, պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում, պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունների ուսուցումը, այլ տեխնիկական եւ մասնագիտական բառապաշարի զարգացումը»,- նշել է նախարարը:

 

Լեւոն Մկրտչյանը հիշեցրել է, որ Հայաստանում երեխաներն առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ դասարանից՝ ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը:

 

«Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են եւ դա երեխաների մոտ աշխարհընկալման եւ լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում:  Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել ե՛ւ ռուսերենը, ե՛ւ լատինական որեւէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով»,- հավելել է ԿԳ նախարարը:

 

Պատասխանելով հարցին, թե ինչու են ռուսերենից առանձնացվել անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի հայեցակարգերը՝ նախարարն ասել է.

 

«ԿԳՆ-ն նախապես մշակել եւ հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի մտավ քաղաքական տիրույթ եւ սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո, բուհերում եւս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում. կան  ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության եւ արեւելագիտության   ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»:

 

Անդրադառնալով  ռուսերենի  հայեցակարգի վերաբերյալ  հանրային սուր արձագանքներին՝  նախարարն ընդգծել է, որ «լեզուն հայ հասարակության պետականության ամենակարեւոր խորհրդանիշն է, եւ սուր արձագանքները ցույց են տալիս մեր հասարակության պատրաստակամությունը՝ պաշտպանելու պետական անկախությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին