«Լույս»-ը, ԹՈՒՄՈ-ն եւ ՀՎՀ-ն առաջարկում են կրթության նոր տեխնոլոգիաներ - Mediamax.am

7747 դիտում

«Լույս»-ը, ԹՈՒՄՈ-ն եւ ՀՎՀ-ն առաջարկում են կրթության նոր տեխնոլոգիաներ


ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Լույս» կրթական հիմնադրամը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ Հայկական վիրտուալ համալսարանը(ՀՎՀ) առաջարկում են կրթության նոր տեխնոլոգիաներ եւ ուսուցման այլընտրանքային մեթոդներ:

«Լույս-ը  նոր կրթական համակարգ է մեր իրականության մեջ, որը փորձում է նպաստել գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը` մտավոր ուժի միավորման եւ շրջանառման միջոցով»,- այս շաբաթ կայացած «Ֆրութֆուլ Արմենիա» համաժողովի ընթացքում ասել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը:

 

Նրա խոսքերով, հիմնադրամի հովանավորությամբ արտասահմանյան լավագույն համալսարաններում կրթություն ստացած հայ ուսանողները «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում փորձելու են բարենպաստ պայմաններ ստեղծել երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար:

 

«Կրթաթոշակառուները նաեւ սոցիալական ուղղվածության ծրագրեր են իրականացնում Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ արտերկրի հայկական համայնքներում երեխաների ուսուցման եւ զարգացման համար»,- ասել է հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենը:

 

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակների օգնությամբ 2 տարվա ընթացքում աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն են ստացել 200 հայ ուսանողներ:

 

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը ուսանողներիի հետ

 

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարիլու Փափազյանն էլ կենտրոնի կրթական ծրագիրը ներկայացնելիս ասել է, որ իրենց նպատակն է օգնել պատանիներին անցնել թվային ռեսուրսների օգտագործմանը եւ գործիքներ տալ ստեղծագործական մտքի զարգացման համար:

 

Մարիլու Փափազյանը նշել է, որ կենտրոնում ուսուցման առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր երեխա ազատ է իր ընտրության մեջ. այստեղ չկան քննություններ եւ պարտադիր բնույթի աշխատանքներ:

 

 «Յուրաքանչյուր երեխա ընտրելու է անհատական ուսումնական պլան, որտեղ նշելու է իր ունեցած հմտությունները եւ դրանց համեմատ ստանալու է միավորներ: Հետագայում նրա գործունեությունից պարզ կդառնա արդյո՞ք նա տիրապետում է այդ հմտություններին, թե ոչ: Մասնագիտական հմտությունները յուրացրած պատանիները կենտրոնի առաջին հարկից կտեղափոխվեն երկրորդ հարկ, որտեղ կաշխատեն ամբողջական ծրագրերի վրա»,-ասել է նա:

 

ԹՈՒՄՈ-ի բացման օրվանից մինչ այսօր կենտրոն են ընդունվել 4250 պատանիներ (տղաներ`61%, աղջիկներ` 39%), որոնք հնարավորություն ունեն փորձելու իրենց ուժերը հիմնական 4 ոլորտներում` անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում եւ թվային մեդիա:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանն էլ ասել է, որ Հայկական վիրտուալ համալսարանը(ՀՎՀ) առաջարկում է հայագիտական կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից:

 

«Մենք ուսուցում ենք առաջարկում հիմնական 3 ֆակուլտետներում` հայոց լեզվի (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), պատմության եւ մշակույթի (ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ եւ գրականություն) անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով: Սովորողներին նախատեսված ժամերին օնլայն ուղղորդում են ուսուցիչները, կազմակերպվում են նաեւ տեսակոնֆերանսներ», - ասել է նա:

 

ՀՎՀ-ի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը

 

ՀՎՀ ուսանողները կարող են իրենց ավարտած յուրաքանչյուր դասընթացի համար կրեդիտ հավաքել`արդյունքում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի 12 դասընթացներն ավարտելու կամ առնվազն մեկ ֆակուլտետի 4 դասընթացն ավարտելու դեպքում դիպլոմ ստանալով: Նրանք կարող են ՀՎՀ կուրսերի կրեդիտները տեղափոխել աշխարհի տարբեր համալսարաններ եւ կրթական հաստատություններ կամ սովորել որպես ազատ ունկնդիր եւ կրեդիտ չհավաքել:

 

ՀՎՀ դասընթացներին մասնակցության հայտ է ներկայացվել աշխարհի 51 երկրներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին