Տեխնոլոգիական համալսարանը «էլիտար բուհ» չի լինելու - Mediamax.am

27607 դիտում

Տեխնոլոգիական համալսարանը «էլիտար բուհ» չի լինելու


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը շատ կարեւոր նշանակություն կունենա:

«Հայաստանի նման փոքր երկրները, որոնք չունեն բնական, բայց ունեն բավական որակյալ մարդկային ռեսուրսներ, հիմնականում զարգանում են տեխնոլոգիական ուղղությամբ, կրթական եւ գիտական ծրագրերի շնորհիվ: Նոր տիպի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը Հայաստանում շատ մեծ նշանակություն ունի այդ իմաստով»,- ասել է նա:

 

Սամվել Հարությունյանը շեշտել է, որ դա «ինչ-որ նոր տիպի էլիտար բուհ չի լինելու»:  Նրա դիտարկմամբ, համալսարանը կարող է ստեղծվել Ակադեմիա-բուհ համագործակցության հիման վրա:

 

«Մոտավոր տեղն եմ նույնիսկ պատկերացնում. դա կարող է լինել գիտական ավանդույթներ ունեցող Աշտարակ քաղաքում կամ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Թե ինչ մեխանիզմներով կստեղծվի համալսարանը, ինչպիսին կլինի ԳԱԱ եւ համալսարանների դերը, հայտնի կլինի ապագայում: Հույս ունեմ, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2019-20թթ.-ին», - ասել է նա:

 

Սամվել Հարությունյանն ասել է, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի նման համալսարան ստեղծելու համար եւ չպետք է անտեսել սփյուռքի դերակատարությունը.

 

«Այսօր սփյուռքում բազմաթիվ հայ գիտնականներ կան, որոնք տեխնոլոգիական լուրջ գիտելիքներ ունեցող մասնագետներ են: Այդ մարդկանց հետ մշտական կապերի մեջ ենք, մեծ մասը պատրաստ են օժանդակել եւ համագործակցել: Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը, որը հսկայական հնարավորություններ ունի եւ որի չնչին մասն ենք մենք օգտագործում»:

 

Տեխնոլոգիական թեքում ունեցող համալսարանների ամենակարեւոր գործառույթներից մեկը, ինչպես ասել է գիտպետկոմի նախագահը, որակյալ գիտնականների պատրաստումն է.

 

«Նմանատիպ համալսարաններն իրենց կազմում ունեն բիզնես-ինկուբատորներ, վենչուրային ֆոնդեր: Այնտեղ նույնիսկ շարքային կուրսային աշխատանքներն ունեն ինովացիոն բնույթ: Շատ տեխնոլոգիական թեքում ունեցող համալսարաններ կան, որոնց կուրսային աշխատանքների 70%-ը ներդրվում են տնտեսության մեջ»:

 

Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը նախօրեին ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին