Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր քննարկվել է «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կատարողականը։
ԿԳՆ փոխանցմամբ՝ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետեւանքներ է ունեցել կրթության եւ տնտեսության համար մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ժամանակին արձանագրված բացերը:
«ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպես բովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը շուտով կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030 թթ․, որտեղ փորձ է արվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է՝ աջակցել Հայաստանին կապ հաստատել մասնագիտական կրթության, ուսուցման եւ զբաղվածության միջեւ՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:
Դեսպանն ընդգծել է ՄԿՈՒ-ի կարեւորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուր աճը եւ աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջեւ կապը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: