14698 դիտում

Վանաձորում աշակերտները խորացված անգլերեն կսովորեն


Լուսանկարը` ԿԳՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ:

ԿԳՆ-ում նշել են, որ ակումբում իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում:

«Հայաստանը փոքր է ազգաբնակչությամբ եւ տարածքով: Ոմանք այն կարծիքն են, որ դա վատ է, կան նաեւ կարծիքներ, որ դա առավելություններ ունի: Առավելությունն այն է, որ մենք, փոքրությամբ պայմանավորված, բաց ենք նորություններ ընդունելու, ինչպես նաեւ մեր մշակույթն ու արժեքները աշխարհին փոխանցելու առումով: Լեզուների, հատկապես անգլերենի իմացությունն այդ ճանապարհին անցնելու արդյունավետ միջոց է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Ծրագիրը ֆինանսավորում է Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը:

«Կրթության ոլորտի ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ ներդրում: Եթե նման քայլի գնում է բանկը, որը շատ լավ գիտի ծախսի եւ ներդրման տարբերությունը, նշանակում է, նա ունի հաշվարկ, որ այդ ներդրումը վերադարձվելու է ոչ թե գումարի, այլ փոփոխված կյանքերի տեսքով»,- նշել է փոխնախարարը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն էլ տեղեկացրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական՝ եւս 4 մարզերում կբացվեն անգլերենի ակումբներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am