Արարատյան բակալավրիատի ուսուցիչների ծրագրի նոր փուլը մեկնարկում է - Mediamax.am

21825 դիտում

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների ծրագրի նոր փուլը մեկնարկում է


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում մասնակիցների ներգրավման նոր փուլը, որին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն է:

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տեւողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական եւ գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

 

Այն իրականացվում է դեմ առ դեմ եւ առցանց ուսումնառությամբ: Ծրագրի մեկնարկից մինչեւ ավարտը բոլոր մասնակիցները հավաքում են թղթապանակ եւ կատարում հետազոտություն, որը նրանց վերջնական գնահատման եւ հավաստագրման հիմքն է։

 

Ծրագրին մասնակցելու դիմում-հայտը հասանելի է այստեղ։ Ծրագրին դիմելու փուլերին ու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Նոր փուլին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր՝

 

ունեն մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ եւ դասավանդում են / ցանկանում են դասավանդել հետեւյալ առարկաներից մեկը՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, անգլերեն եւ ռուսերեն.

 

սովորում են բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսում՝ նշված առարկաներից որեւէ մեկի մասնագիտացմամբ՝ մանկավարժական որակավորման հնարավորությամբ։

 

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով՝ առաջին հերթին ԱԲ-ի թեկնածու դպրոցներից։ Այնուհետեւ նրանց ներգրավումը կկատարվի հետեւյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարեւան մարզերից եւ Երեւանից։

 

Երեւանաբնակ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության փուլերին, միայն եթե պատրաստ են ծրագիրն ավարտելուց հետո աշխատել ՀՀ մարզային եւ Արցախի դպրոցներում։ Հավասար պայմանների դեպքում առաջնահերթություն կտրվի մարզերից դիմորդներին:

 

Մասնակցությունը ծրագրին անվճար է բոլոր մասնակիցների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին