Արամ Սիմոնյան. Զարմացած ենք ԵՊՀ հանդեպ նման վերաբերմունքից - Mediamax.am

11466 դիտում

Արամ Սիմոնյան. Զարմացած ենք ԵՊՀ հանդեպ նման վերաբերմունքից


Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն


Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը տարածել է ծավալուն հաղորդագրություն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ուսանողների հանդիպման մասին:

 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ Արամ Սիմոնյանի ելույթից եւ հարցերի պատասխաններից:

 

Մայր բուհի 100-ամյակի եւ «նեղ վիճակի» մասին

 

Հաջորդ տարի լրանում է Մայր բուհի 100-ամյակը, որը մեզ համար մեծ իրադարձություն է: Անշուշտ,  պատրաստվում ենք մեծ շուքով նշել այդ հոբելյանը: Հուսով եմ, որ ուսանողները շատ ակտիվ կմասնակցեն, այդ տեսակետից դուք առանձնահատուկ դիրքում եք եւ հպարտանալու բան կունենանք, որի մասին կպատմենք ձեր երեխաներին, թոռներին, հուսով եմ նաեւ՝ ծոռներին:

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Բավականին շատ գործ ունենք անելու: Ռեկտորատի կողմից հաստատվել է ծրագիր,  ըստ որի՝ սկսել ենք մեր հոբելյանական գործերը: Բայց ինչպես յուրաքանչյուր միջոցառում, հոբելյանական միջոցառումներն առավել եւս պահանջում են նյութական մեծ միջոցներ: Ահա այստեղ բավականին նեղ վիճակում կհայտնվենք, եթե մեզ օգնության չգա ՀՀ կառավարությունը: Հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, գիտակցելով ԵՊՀ 100-ամյակի համապետական բնույթը, մեզ որոշակի աջակցություն ցույց կտա:

 

Համալսարանի շրջակայքի ու «հնաոճ ավազանի» վերացման մասին

 

Կա նոր նախագիծ, որտեղ միանգամայն յուրովի եւ ժամանակակից ձեւով  է նախագծված համալսարանի շրջապատը: Ըստ նախագծի, ուսանողների եւ դասախոսների համար պետք է ստեղծվեին ազատ գոտիներ՝զերծ մեքենաներից:

 

Ցավոք սրտի, բավականին մեծ գումարներ են պահանջվում այն իրագործելու համար: Նախագծի մեծագույն մասը մենք չենք կարող իրականացնել, բայց որոշ ծրագրեր, այնուամենայնիվ, կիրականացնենք: Մեր հաշվարկներով ամբողջ ծրագրի իրականացումն ահռելի ծախսեր է պահանջում:

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Սակայն ծրագրից որոշ կետեր կիրականացնենք. Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի առջեւի հնաոճ ավազանը կվերացնենք, որտեղ կպատրաստենք մի փոքրիկ ծաղկանոց՝ գեղեցիկ տեսք տալով համալսարանին:

 

Ընդունելության քննությունների եւ սպասվող «վատ անակնկալի» մասին

 

Այս տարի ավարտում է 9000-ից մի քիչ ավելի դպրոցականներ, իսկ նախկին տարիներին այդ թիվը հասնում էր 18000-ի, 20000-ի:

 

Անցած տարիներին մենք մոտ 5000 դիմորդներ էինք ունենում, այս տարի, եթե ունենանք 1000 կամ 1200 ուսանող, ես շատ գոհ կլինեմ: Ավանդաբար դիմորդների 1/3-ը գալիս է ԵՊՀ, սակայն անհայտ է՝ ինչ կլինի, որը բնականաբար հոբելյանական տարվա համար շատ վատ անակնկալ է, քանի որ վարձավճարների հետեւանքով է գոյանում բուհի բյուջեի մեծ մասը:

Լուսանկարը` Երեւանի պետական համալսարանի մամուլի ծառայություն

Քննադատության մասին

 

Մայր բուհին ինչքան էլ քննադատում են, շատ հաճախ հանիրավի, իսկ երբեմն էլ իրավացի, այնուամենայնիվ, մենք զարմացած ենք, որ հասարակությունը նման վերաբերմունք ունի համալսարանի հանդեպ: Անկախ ամեն ինչից՝ մենք մեր գործն անում ենք, մեր հնարավորության սահմաններում: Կարծում եմ, որ Մայր բուհում սովորելու համար պետք է հպարտ լինեք, քանի որ այս բուհն ունի ավանդույթներ եւ ներուժ, որոնք շարունակական են լինելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին