«Այբ» հիմնադրամն արձագանքել է ԿԳ նախարարի հայտարարությանը - Mediamax.am

18087 դիտում

«Այբ» հիմնադրամն արձագանքել է ԿԳ նախարարի հայտարարությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը բաց նամակ-արձագանք է հրապարակել մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին:

ԿԳ նախարարը, անդրադառնալով պետության կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրերի, մասնավորապես ասել էր. «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։

 

«Որպես տեղեկանք՝ ցանկանում ենք նշել, որ եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որեւէ ձեւաչափով երբեւէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների եւ ծնողների մասնակցությամբ։ Նշենք նաեւ, որ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 70 տոկոսը չի վճարում կամ մասնակի է վճարում իր կրթության համար՝ բարերարների կուռ համայնքի աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցում դրա շնորհիվ կրթության հավասար հնարավորություն են ստանում բոլորը՝ անկախ վճարունակությունից եւ բնակության վայրից՝ Երեւանից, մարզերից, Արցախից, սփյուռքից։ Ավելին, անհրաժեշտության դեպքում մարզերի եւ Արցախի աշակերտների կեցության հարցը նույնպես հոգում է դպրոցը»,- ասված է նամակում։

 

«Այբ» կրթական հիմնադրամում ընդգծել են, որ հիմնադրամն ու «Այբ» դպրոցը տարբեր կազմակերպություններ են:

 

«Այբ» հիմնադրամը ստեղծվել է 2006թ., եւ «հավակնոտ գաղափարի շուրջ համախմբվել են հարյուրավոր համախոհ բարերարներ, կրթության ոլորտ են ուղղվել տասնյակ միլիոնավոր դոլարներ, կրթությամբ երկիրը վերափոխելու գաղափարով «վարակվել» են հազարավոր մարդիկ»:

 

«Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ եւ կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց եւ գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ եւ գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է»,- ասված է նամակում:

 

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջարկել է նախարարին հանդիպել՝ վերջինի նախընտրած ձեւաչափով։

 

«Մենք՝ որպես Հայաստանի լավագույն ապագան որակապես նոր կրթության հետ կապող կառույց, պատրաստ ենք Ձեզ հետ մասնագիտական շարունակական քննարկումների, ինչպես նաեւ փոխանցելու այն փորձը, որ կուտակել ենք ՀՀ կրթության ապագայի տեսլականի իրականացմանը մեր 12 տարվա ամենօրյա մասնակցությամբ»,- նշված է նամակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին