Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, ասել է նախարարը - Mediamax.am

12164 դիտում

Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, ասել է նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այն իր հիմնական գործառույթը չի կատարում:

«Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա: Ավագ դպրոցի բովանդակային զարգացման խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը եւս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների եւ ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը եւ այլն: Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12-րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»,- ասել է նախարարը՝ Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մասնակցելով «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննության մեկնարկին:

 

Նախարարը նշել է նաեւ, որ այս տարի դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված՝ բուհերում մեծ քանակությամբ թափուր տեղեր են մնալու:

 

«Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու: Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետև քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձևավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա»,- ասել է նախարարը։

 

Անդրադառնալով քննական շտեմարանների հետ կապված դժգոհություններին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ «թեեւ գիտելիքի ստուգման այս ձեւը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, այդուհանդերձ, շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին